Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է իր դիտարկումները 2023 թվականի հոկտեմբերի 16-23-ը Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքների վերաբերյալ։
Միյատովիչը ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները խաղաղ բանակցությունների գործընթացում պետք է ուշադրությունը կենտրոնացնեն մարդու իրավունքների պաշտպանության վրա և խիստ երաշխիքներ սահմանեն հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար:
«Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ էր մարդու իրավունքների նման առաքելությամբ կարողացել այցելել Լեռնային Ղարաբաղ։ Այցի պատճառը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100 հազար հայերի զանգվածային տեղահանումն էր Հայաստան:
Այն հաջորդել էր սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություններին, տարածաշրջանի նկատմամբ Բաքվի հետագա լիակատար վերահսկողությանը և մարդկանց տեղաշարժի և առաջին անհրաժեշտության ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարատև ընդհատումներին, որոնց բախվել էին ղարաբաղահայերը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով ճանապարհի իննամսյա շրջափակման հետևանքով։
Հայաստանում հանձնակատարը զրուցել է ղարաբաղահայերի հետ, որոնք Ղարաբաղից հեռացել էին և գտնվում էին իշխանությունների տրամադրած ապաստարաններում։
Ստեփանակերտից բնակչության հեռանալուց հետո հանձնակատարը ականատես էր եղել դատարկ փողոցների, լքված տարածքների և քաղաքացիական անձանց ներկայության գրեթե լիակատար բացակայության։
Իր լսածի և տեսածի հիման վրա հանձնակատարը եզրակացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջին ԼՂ-ի հայերը լքել են իրենց տները՝ առանց որևէ կողմի որևէ հուսալի անվտանգության կամ պաշտպանության երաշխիքների, և որ նրանց համար տներից հեռանալը միակ հասանելի և խելամիտ տարբերակն է եղել»,- ասված է զեկույցում։
Միյատովիչը ողջունել է ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանված անձանց ՀՀ-ի կողմից ցուցաբերված օգնությունն ու այդ ուղղությամբ Կառավարության ջանքերը՝ նշելով, որ նրանց պետք է հնարավորություն տրվի վերադառնալ Ղարաբաղ անվտանգ և արժանապատվորեն, նույնիսկ եթե այս պահին դա հիպոթետիկ է թվում մեծամասնության համար, այդ թվում՝ ճկուն լուծումներ գտնելու միջոցով, մասնավորապես՝ նրանց քաղաքացիության և իրավական կարգավիճակի հետ կապված:
«Հնարավոր վերադարձի ակնկալիքով պետք է անհապաղ ուղիներ գտնել, այդ թվում ՝ անվտանգության երաշխիքներ սահմանելով, որպեսզի ղարաբաղահայերը կարողանան ժամանակավորապես մուտք գործել իրենց տներ կամ սովորական բնակության վայրեր և այցելել գերեզմանատներ, որտեղ թաղված են նրանց մերձավորները։
Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ապահովել, որ Ղարաբաղի հայերի թողած գույքը պաշտպանված լինի թալանից, գողությունից կամ տիրանալուց:
Այն սակավաթիվ էթնիկ հայերը, որոնք մնացել են Ղարաբաղի տարածաշրջանում, նույնպես պետք է օգտվեն մարդու իրավունքների պաշտպանության բոլոր միջոցներից, այդ թվում՝ նրանց ազատ տեղաշարժի ապահովման միջոցով»,- ասված է զեկույցում։
Հանձնակատարը հույս է հայտնել, որ բոլոր ներքին տեղահանված անձինք, որոնք կցանկանան, կկարողանան հնարավորինս շուտ վերադառնալ անվտանգության և արժանապատվության պայմաններում:
«Միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների և մարդու իրավունքների լուրջ խախտումների վերաբերյալ բոլոր պնդումները, որոնք հաղորդվում են հակամարտության հետ կապված, պետք է արդյունավետ և օպերատիվ կերպով հետաքննվեն, մեղավորները ենթարկվեն պատասխանատվության, և, եթե նրանք մեղավոր ճանաչվեն արդար, անկախ և անկողմնակալ դատավարությունից հետո, պետք է պատժվեն։ Դա ներառում է Լաչինի միջանցքի շրջափակման, ղարաբաղահայերի զանգվածային տեղաշարժի և սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողության հանգամանքների վերաբերյալ պնդումները»,- գտնում է Միյատովիչը:
Ի թիվս այս հարցերի, զեկույցում նաև խոսվում է տարածաշրջանում անհետ կորածների ճակատագիրը պարզելու և նրանց ընտանիքներին հնարավորինս սպառիչ ու արժանահավատ պատասխաններ տալու կարևորությունը։
