Թաթուլ Հակոբյանը գրում է․
Ինձ առաջին հերթին հետաքրքրեց դրոշների քանակը՝ 12 հատ, դե իսկ կիսանդրիները պարզ է՝ ԽՍՀՄ մարշալներ Բաղրամյան և Բաբաջանյան: Սա Նոյեմբերյանի Զորական գյուղում է:
Ուրեմն, Զորականը մինչև 1988 թվականը բնակեցված էր բացառապես ադրբեջանցիներով, դա Նոյեմբերյանի միակ գյուղն էր, որտեղ ադրբեջանցիներ էին միայն բնակվում:
1988-ին այստեղի ադրբեջանցիները իրենց տները փոխանակեցին Ադրբեջանի Շամխորի շրջանի բացառապես հայաբնակ Չարդախլու գյուղի հետ: Չարդախլուն Բաղրամյանի և Բաբաջանյանի ծննդավայրն է:
Զորականն ու Չարդախլուն այն գյուղերից են, որ ազգամիջյան բախումների ընթացքում բավականին քաղաքակիրթ ձևով փոխանակեցին տները: Ավելին, երկար տարիներ Չարդախլույում հաստատված ադրբեջանցիները լուսանկարում և ուղարկում էին հայերի գերեզմանները, իսկ այստեղ հաստատված հայերը նկարում էին ադրբեջանական գերեզմանները և ուղարկում ադրբեջանցիներին:
Այսօր Զորականում հաստատվել են 33 ընտանիքներ Արցախից:
Համեստ օգնություն էինք տարել այդ 33 ընտանիքներին, առաջիկայում գուցե կարողանանք էլի տանել:
Նոյեմբերյան համայնքի 15 գյուղերւոմ հաստատված արցախցիները, իմ կարծիքով և իմ շփումներով, ոնց որ թե հարմարվել են տեղին: Բնությունը նման է Արցախի բնությանը, Նոյեմբերյանի շրջանի մարդիկ շատ մեղմ են բնավորությամբ:
Զորականը ճիշտ Հայաստան-Ադրբեջան-Վրաստան եռանկյունում է, սահմանակից Վրաստանին:
Թ.Հ., Զորական, 13 հունվարի, 2024թ
