Ձնահյուսի հետևանքով զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Քննչական կոմիտեն հաղորդագրությամբ մանրամասներ է հայտնել կատարվածի վերաբերյալ, որը ներկայացնում ենք՝ ստորև.
«ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից 13.01.2023թ.-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Բ․ Մ․-ն մշտական տեղակայման վայր տեղափոխվելու նպատակով դուրս է եկել մարտական դիրքից և շարժվել դեպի հարակից դիրք: Սակայն ժամը 14:30-ից հետո եղանակային վատթար պայմաններում զինծառայողը կորել է համածառայակիցների տեսադաշտից:
Հաղորդման առթիվ հունվարի 13-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Զինվորական պաշտոնեական անփութությունը):
Կազմվել է քննչական խումբ։
Կատարված որոնողական աշխատանքների արդյունքում, հունվարի 14-ին մարտական դիրքի հարակից ձորում՝ ձյան տակ, հայտնաբերվել է Բ․Մ․-ի դին։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարարները, համագործակցելով ՀՀ ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, ձնահյուսի տակից հայտնաբերել են հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորած զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին։
Ձնահյուսի տակ մնացած 20-ամյա զինծառայող Բենիամին Մանուչարյանը Արարատի մարզի Այնթափ համայնքից էր։ Վարչական շրջանի ղեկավար Գեղամ Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ դեպքից ժամեր առաջ տղան խոսել է ընտանիքի հետ, որից հետո ընտանիքի անդամները չեն կարողացել կապ հաստատել Բենիամինի հետ։
«Բենիամինը արդեն զորացրվում էր, նրա զորացրման օրն է դեպքը եղել, ասել են՝ սարից իջիր, որ գնաս տուն, մնացել է ձյան տակ, այլ մանրամասներ էլ չեն ասում։ Շատ լավ երեխա էր, երաժիշտ էր, դհոլ էր նվագում, երգում էր։ Հենց այսօր արդեն պետք է զորացրվեր»,- նշել է Հովհաննիսյանը։
Բենիամինը տան ավագն էր, ունի իրենից փոքր քույր և եղբայր:
