ՀՀ-ն ոչ մի դեպքում չի կարող զիջել իր սուվերենությունը․ Վաղարշակ Հակոբյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օրեր առաջ արված այն հայտարարությանը, որով վարչապետը Բաքվից հնչող հայտարարությունները համարել էր լրջագույն հարված խաղաղության գործընթացին:

«Վարչապետի հայտարարությունները հրապարակային են, և այդ հայտարարությունները միտված են մեր հռչակած խաղաղության օրակարգի հանգուցալուծմանը և հարցը առաջ տանելուն, և ես կարծում եմ՝ մեկնաբանությունների համար կոնկրետ իրավիճակային գնահատականներ պետք է տանք այստեղ: Մենք պարբերաբար քննարկումներ ենք ունենում թե՛ խաղաղության օրակարգի, թե՛ խաղաղության օրակարգին ձգտելու ընթացքի մասին, և ամեն ինչ տեղի է ունենում հրապարակային, նաև վարչապետը և մեր բազմաթիվ թիմակիցներ տեղեկացնում են հանրությանը: Ես տարիներ շարունակ հիշում եմ՝ մենք բոլորս ականատես ենք եղել այդ հռետորաբանությանը»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ խաղաղության օրակարգը, որը հռչակվել է քաղաքական իշխանությունների կողմից, պետք է անշեղորեն և տրամաբանական քայլերով առաջ շարժվի․ «Այդ ճանապարհին մենք բազմաթիվ դժվարություններ կարող ենք ունենալ. մեզ փորձելու են սադրել, հետ պահել խաղաղության օրակարգից, բայց քաղաքական առումով դա առաջնահերթություն է, և մենք անելու ենք ամեն ինչ, որ խաղաղության օրակարգը դառնա իրականություն: Այլ բան է, որ սա միակողմանի անելը, իհարկե, անհնար է: Ես ուզում եմ հավաստիացնել ևս մեկ անգամ, որ ՀՀ-ն խաղաղության օրակարգից շեղվելու ոչ մի ցանկություն չունի: Բայցևայնպես, մենք պարտավոր ենք ՀՀ պետական շահը վեր դասել ամեն ինչից, և ես ինքս կարծում եմ, որ մեր պետական շահը պահանջում է, որ մենք խաղաղության օրակարգով, հաշվի առնելով բոլոր դժվարությունները, մեզ համար զարմանալի, նաև անսպասելի հայտարարությունները, բայց մենք պետք է շարժվենք այս օրակարգով»։

Նրա խոսքով՝ խաղաղության օրակարգը դա այն օրակարգն է, որը պահանջում է Հայաստանի պետական շահը, և ոչ մի այլ քայլ, քան պետական շահին միտված, չպետք է արվի․ «ՀՀ 29800 քառակուսի կիլոմետր տարածքն անվտանգ դարձնելն է, և այս ճանապարհը բավականին բարդ է, կնճռոտ է, և միգուցե նաև կարող է ցավոտ լինել, բայց մենք պետք է այս քայլերը տրամաբանորեն հասցնենք իրենց հանգրվանին, որովհետև միայն այս հանգրվանում ՀՀ-ն կարող է ունենալ այն ապագան, որը մենք երազում ենք և կանխատեսում»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի՝ առանց վերահսկողության ճանապարհ ունենալու նպատակին՝  Հակոբյանը նկատեց՝  «Ես ասեմ մեր նպատակը. ՀՀ-ն ոչ մի դեպքում չի կարող զիջել իր սուվերենությունը: ՀՀ-ն արել և անում է ամեն ինչ, որ պահպանելով սուվերենությունը՝ ունենա բաց սահմաններ. մենք գնում ենք այս ուղղությամբ, և մեզ համար գերխնդիրը սա է»:

Կիսվել սոց․ ցանցերում