Հայաստանը պատրաստ է իր իրավազորությունների ներքո ճանապարհներ տրամադրել։
Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Երբևէ լսե՞լ եք, որ ՀՀ վարչապետի կողմից որևէ հայտարարություն լինի «միջանցքի» հետ կապված։ Մենք ինչ հայտարարել ենք 4 տարի առաջ, այդ մասով նույնն ենք հայտարարում, որ ՀՀ-ն պատրաստ է իր իրավազորության ներքո ճանապարհներ տրամադրել, ընդ որում՝ ոչ միայն ճանապարհ, այլ նաև ինտերնետ, գազատարներ և այլն։ Այսինքն՝ մեր իրավազորության ներքո պետք է լինեն այդ տրանսպորտային ուղիները և դրա համատեքստում պատրաստ ենք տրամադրել»,- ասաց նա։
Վերջինիս խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկը» դրա մասին է, որ բեռները անարգել կարող են գնալ Եվրոպայից Ասիա ՀՀ տարածքով և հակառակը․ «Եթե գանք Ադրբեջանին, ապա նորից նույնն ենք ասելու, որովհետև Ադրբեջանը ունի երկու հատված, և դրա մասով էլ է նույն տրամաբանությամբ լինելու, այլ կերպ չի կարող լինել, սա է մեր դիրքորոշումը։ Դրա մեջ փոփոխություն չկա, այն պայմաններով, որը Իրանը տալիս է Ադրբեջանին, մենք էլ կարող ենք տրամադրել Ադրբեջանին»։
Պապոյանը ընդգծեց՝ չի կարող լինել դյուրինացված ռեժիմ․ բեռները, մեքենաները անարգել առանց ստուգման անցնեն․ «Նման պայման չի կարող լինել, անգամ մենք մեր երկրում մեր ուզած ճանապարհով չենք կարող երթևեկել, տեղաշարժվել, չենք կարող, օրինակ, ավտոճանապարհով գնալ 150 կմ ժամ արագությամբ, կան կանոններ, որոնք բոլորը պետք է պահեն։ Եթե կանոններ կան, որոնք վերաբերում են օտարերկրացիներին, դրանք առանձնահատուկ կերպով պետք է պահվեն»։
