Երազանքների դաշտից է․ Պապոյանը՝ նոյեմբերի 9–ի փաստաթղթում «միջանցքի» և ռուսների կողմից այն հսկելու մասին

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ կետ, որտեղ նշված է, որ ռուսները պետք է գան և ինչ–որ բան վերահսկեն։

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Նման կետ գոյություն չունի։ Երբ կարդում ենք, տեսնում ենք, որ այդ կետը նրա մասին է, որ ՀՀ–ն ընդամենը պետք է ճանապարհ տրամադրի և ՀՀ–ն պատրաստ է այդ ճանապարհը տրամադրել։ Ո՞վ է ասել, որ Հայաստանը երբևէ փակել է ճանապարհ, մենք պատրաստ ենք ճանապարհը տրամադրել մեր օրենսդրությանը համապատասխան»,– ասաց նա։

Պապոյանը պարզաբանեց, եթե խոսվում է նոյեմբերի 9–ի հայտարարության մասին, ապա պետք է նկատել, որ չկա այդպիսի կետ, որտեղ ՀՀ–ն և Ադրբեջանը պարտավորվել են ինչ–որ բան անել և չեն արել․ «Հակառակը՝ բոլոր կետերը ինչ–որ իրենք պետք է անեին, չեն արել։ Մենք չենք խախտում, բայց արձանագրում ենք, որ նման բան չկա։ Նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ նման ձևակերպում չկա, և դա ցանկությունների ու երազանքների դաշտից է, այդպես չի կարելի մեկնաբանել, որովհետև նման բան գրված չէ։ Նոյեմբերի 9–ի փաստաթղթին հղում տալուց առաջ, ուրեմն պետք է բոլոր մարդիկ վերադառնան ԼՂ, Ադրբեջանցիները դուրս գան այդ տարածքներից, ռուս խաղաղապահները մնան և մնացած տարածքներում իրականացնեն իրենց գործառույթը, որը այդ հայտարարության կետերում կար»։

Ըստ նրա՝ ճանապարհների ապաշրջափակումը, սահմանների բացումը ՀՀ օրակարգում է։

Կիսվել սոց․ ցանցերում