Որոնք են Պարկինսոնի հիվանդության ամենաակնհայտ վաղ ախտանշանները

Մկանային տոնուսի բարձրացման պատճառով վերջույթների դողն ու ցավը կարող են վկայել Պարկինսոնի հիվանդության վաղ փուլի մասին, Gazeta.ru-ի հետ զրույցում հայտնել է նյարդաբան Ամինա Կինդարովան՝ միաժամանակ շեշտելով, որ առանց մագնիսառեզոնանսային շերտագրության կամ ուլտրաձայնի հետազոտության ճշգրիտ ախտորոշում անել հնարավոր չէ։

«Այսօրվա դրությամբ հիվանդի մոտ Պարկինսոնի հիվանդությունը կարող է հաստատվել, եթե կա շարժումների դանդաղում, վերջույթների դող հանգստի ժամանակ, ինչպես նաև մկանների տոնուսի բարձրացում: Երբեմն հիվանդները գանգատվում են ուսի ցավից, և որոշ ժամանակ անց նրանց մոտ ախտորոշվում է պարկինսոնիզմ: Նմանատիպ ցավոտ ախտանշաններ կարող են ի հայտ գալ նաև ոտքի հատվածում՝ նույն կողմից։ Լինում է նաև հակառակը, երբ խանգարումը նախ նկատվում է ոտքի շրջանում, իսկ հետո՝ ձեռքի»,- նշել նյարդաբանը՝ պարզաբանելով, որ միայն բժիշկը կարող է գնահատել մկանների տոնուսը:

Կինդարովայի խոսքով՝ Պարկինսոնի հիվանդությունը հանգեցնում է գլխուղեղի նյարդային բջիջների մահվան և օրգանիզմում դոֆամինի մակարդակի նվազման, իսկ այս նեյրոտրանսմիտերը կարևոր դեր է խաղում շարժողական ակտիվության կարգավորման գործում։ Ինչպես նշել է փորձագետը, հիվանդության վաղ փուլերում օրգանիզմում դոֆամինի մակարդակը բաձրացնող դեղամիջոցներն օգնում են հիվանդներին պահպանել ակտիվ կենսակերպը, ուստի կարևոր է չանտեսել ախտանշանները, այլ օգնություն խնդրել մասնագետներից։

Կինդարովան նաև հավելել է, որ ճշգրիտ ախտորոշման համար անհրաժեշտ է գլխուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրություն ախտանշանների այլ պատճառները բացառելու համար։ Հազվագյուտ դեպքերում լինում է նաև գլխի ուլտրաձայնային հետազոտության կամ պոզիտրոն էմիսիոն շերտագրությանը անհրաժեշտություն, եզրափակել է փորձագետը։

Կիսվել սոց․ ցանցերում