Դուբայում կայացած COP28 կոնֆերանսի ժամանակ կառավարությունների կողմից տրվեցին գործողությունների կատարման նոր խոստումներ: Բացի սպասվող խոստումներից COP28-ի արդյունքում նպատակ դրվեց եռապատկել վերականգնվող էներգիայի աղբյուրների հզորությունն ու զարկ տալ մեթանի և ածխի դեմ պայքարի նախաձեռնությանը: Վերջին տարիներին այսպիսի կամավորական համաձայնությունների թիվն աճել է, սակայն գլոբալ տաքացումը և ջերմոցային գազերի արտանետումները շարունակում են աճել:
Ի տարբերություն վեհաժողովի պաշտոնական որոշումների, որոնք պետք է վավերացվեն մոտ 200 պետությունների փոխհամաձայնության հիման վրա, կամավորական պարտավորությունները կարող են ընդունվել արագ և համարձակորեն՝ առանց մտավախության, որ կողմերից որևէ մեկը կարող է առարկել: Սակայն նշված ժամկետներում այսպիսի մասշտաբային ծրագրի իրականացման համար պահանջվում են համապատասխան որակավորման մասնագետներ: Այդ իսկ պատճառով բավարար քանակության պատրաստված անձնակազմի առկայությունը դառնում է ՄԱԿ-ի՝ մինչև 2050թ. արտանետումների զրոյական մակարդակի հասնելու Գլոբալ ուղեցույցի կարևորագույն նշաձողերից մեկը:
Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտի կողմից Լոնդոնի համալսարանական քոլեջի Բարտլեթթ դպրոցի մասնագետների հետ համատեղ ստեղծված կարճաժամկետ դասընթացների համալիր ծրագիրն ուղղված է լուծում առաջարկելու այս խնդրին կարճաժամկետ հեռանկարում:
«Դասընթացավարների վերապատրաստման» դասընթացի ծրագրի իրականացման շրջանակներում անցկացվող «Վարքագծային տնտեսագիտություն. էներգետիկ ոլորտի մարտահրավերները» թեմայով վերջին՝ 3-րդ դասընթացը տեղի ունեցավ Լոնդոնում՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Բարտլեթթ դպրոցում, հունվարի 11-13-ը:
Եռօրյա դասընթացի ընթացքում դասընթացավարներն ամրապնդեցին իրենց գիտելիքները և հմտությունները էներգետիկ ոլորտում քաղաքականության մշակման ու տնտեսական ցուցանիշների արդյունավետության բարելավման գործում վարքագծային տնտեսագիտության նշանակության վերաբերյալ։ Մասնակիցներն իրենց ուսուցման ընթացքում ծանոթացան դասավանդման նորարարական մեթոդներին՝ բարելավելով նաև իրենց մանկավարժական հմտությունները:
