Ընդունելության քննությունները 2 անգամ հանձնելու հնարավորությունը դիմորդների շրջանում բավական մեծ ոգևորություն է առաջացրել։ Հանրապետության նախագահի խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ դեռևս երկու տարի առաջ Կառավարության ընդունած որոշումը մեծամասնությունը դրական է գնահատում։
Դիմորդը բուհ ընդունվելու համար քննություն կարող է հանձնել թե՛ ձմռանը, թե՛ ամռանը։ Սակայն առաջին փորձից դրականն ապահովելու դեպքում կարիք չի լինի մասնակցել երկրորդ հնարավորությանը։
Այս տարի դրա մեկնարկը կտրվի հունվարի 20-ին՝ հայոց լեզու և հայ գրականություն առարկայի միասնական քննությամբ։
«Դեռևս, երբ ԿԳՄՍ նախարար էի, բազում գաղափարներ կային, որոնք իրականացնել էր պետք, և սա տարիներ շարունակ չարչարկված ու դիմորդների համար սթրեսային պրոցեսներից ազատվելու գաղափար է։ Դպրոցը նոր ավարտած շրջանավարտը խորհրդավոր պայմաններում քննություն էր հանձնում, ամեն տարի ինչ-որ բան էր փոխվում, այդ պատճառով որոշեցինք պարզեցնել գործընթացը, որպեսզի առանց սթրեսի լինի ամեն ինչ։ Նախորդ տարի հիանալի արդյունք ունեցանք․ մասնակցեց 6 հազարից ավելի դիմորդ, և բոլորը շատ գոհ էին։ Այս տարի դեռևս 1-ին փուլին մասնակցելու է 9 հազարից ավելին։ Պայծառ ապագան այս պարագայում այն է, որ խորհրդավոր կերպով ոչինչ այլևս չի լինի։ Այս քայլով մենք հիմնովին կոտրեցինք այն կարծրատիպը, որ միշտ եղել է մեր սերնդի մոտ՝ «դու տարվա մեջ պետք է քննություն հանձնես, եթե հաջողես, շատ լավ է, եթե շփոթվես, այլևս հնարավորություն չունես»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Դումանյանը։
Նրա խոսքով՝ նոր մեթոդով շրջանավարտը ազատվում է հոգեբանական բարդույթներից և կարողանում է կենտրոնացված հանձնել քննությունները։ Դումանյանը նոր կարգի մեջ լուրջ բովանդակություն է տեսնում դպրոց-բուհ անցման, մասնագիտության ընտրության հարցում։
Ըստ նրա՝ կրթական և գիտակրթական համակարգում բարեփոխումները նման արդյունք պետք է ապահովեն, որպեսզի դա համարվի հաջողված։ Դիմորդը հնարավորություն է ունենում գնահատել իր գիտելիքները, թերություններն ու հաջողությունները, առարկանների հարցում ևս ճշտգրտման կողմնորոշում է ունենում․ «Բոլորը գոհ են, ինչն էլ շատ կարևոր է։ ԳԹԿ-ն աշխատում է, որ առաջադրանքներն ու թեստերը լինեն որակյալ, բայց միշտ լինում են մարդիկ, որոնք թեստերից կարող են գոհ լինել և չլինել, դա հավերժական հարց է, բայց թեստային բովանդակության մեջ փոփոխություն չկա, ԳԹԿ-ն պետք է հետևի, որ նորմալ թեստեր լինեն»։
Քննական կենտրոններ կան թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում։ Դասերին չխանգարելու համար քննությունները անցկացվում են շաբաթ-կիրակի օրերին։
«Բացի այս փոփոխություններից, կարևոր է խոսել նաև մի խնդրի մասին։ Նախորդ տարիներին հաճախակի շփոթ էր ստեղծվում․ ենթադրենք մի ուսանող դիմում էր պատմության ֆակուլտետ ընդունվելու համար, գուցե իր երազանքն էր, ստանում էր գումարային 30 միավոր, մյուսը իրավաբանության ֆակուլտետի համար ստանում էր ոչ բավարար՝ 34 միավոր, դուրս մնալով այդ ֆակուլտետից՝ որոշում էր, որ երկրորդ փուլով կարող է ընդունվել պատմության ֆակուլտետ, հետևաբար դուրս էր թողնում 30 միավոր ստացած դիմորդին։ Ստացվում էր՝ նա, ով իրոք ցանկանում էր դառնալ պատմաբան, դուրս էր մնում իր երազանքների ֆակուլտետից։ Իսկ այժմ «Մեկ բուհ, մեկ մասնագիտություն» ծրագրով այդ խնդիրը չի առաջանում, լուծել ենք հարցը»,- ասում է Դումանյանը:
Գնահատման թեստավորման կենտրոնից էլ «Հայկական ժամանակ»-ին հայտնել են՝ բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի համար հայտագրվել է 9672 դիմորդ կամ դիմորդների 50 տոկոսը։ Հանձնվելու է 16 հազար 861 դիմորդ/քննություն, այսինքն՝ «Անգլերեն» քննություն հանձնողների թիվը կազմում է 5021 դիմորդ, հաջորդում են «Մաթեմատիկա»-ն՝ 4185 և «Հայոց լեզու և հայ գրականություն»-ը՝ 3228 դիմորդով:
Ամենաքիչը հայտագրվել են «Աշխարհագրություն» (56 դիմորդ), «Ֆրանսերեն» (32), «Գերմաներեն» (30), «Իսպաներեն» (1) հանձնելու համար։
«Իտալերեն» և «Պարսկերեն» հանձնողներ այս փուլում չեն լինելու:
Քննական կենտրոնները առաջին փուլի համար 42-ն են, 14-ը՝ Երևանում, և 28-ը՝ մարզերում։ «Քիմիա», «Աշխարհագրություն» առարկաների քննությունը կլինի հունվարի 21-ին, «Օտար լեզուներ»-ինը՝ հունվարի 27-ին, «Ֆիզիկա», «Հայոց պատմություն»՝ հունվարի 28-ին։
Ըստ ԳԹԿ-ի՝ նախորդ տարի ձմեռային փուլից մոտ 800-ը բավարար արդյունք է գրանցել և հրաժարվել երկրորդ հնարավորություններից։
Մերի Խաչատրյան
