Կառավարությունից հերքում են Մեղրին դատարկելու մասին տարածվող լուրերը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հերքել է լուրերը, թե իշխանությունները պատրաստվում են Մեղրին դատարկել:
Նա շեշտել է, որ այդ լուրերը կեղծ են, անհիմն և իրականության հետ աղերս չունեն։

Անդրադառնալով Մեղիրում պետական կառույցները փակելու մասին տարածվող լուրերին՝ Կառավարության անդամը հիշատակել է այն աշխատանքները, որոնք Կառավարությունը իրականացնում է և պատրաստվում է իրականացնել Մեղրիում:

«Մեղրիում կառուցվում է նոր մաքսակետ 21 մլն եվրո վարկային և դրամաշնորհային միջոցներով։

Մեղրիում կառուցվելու է ոստիկանության ստորաբաժանման տիպային շենք, որը օրինակելի է լինելու մյուս ստորաբաժանումների համար։ Մեղրիում պետական միջոցներով այս տարի կսկսվի նոր դիահերձարանի կառուցման շինարարությունը»:

Հետգրությամբ Չախոյանը ընդգծել է՝ իշխանությունը միայն մեկ բան կարող է հանձնել. Մեղրին «դատարկելու» մասին կեղծ լուրերը տարածողներին հանրության դատին:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը վրդովմունքով էր հայտնել համայնքը «դատարկելու» մասին վերջին օրերին շրջանառվող կեղծ լուրերի վերաբերյալ: Ըստ նրա՝ այն անձը, որը տեղեկություններ է տարածում, թե Մեղրին շուտով դատարկվելու է, պետության, դրա անվտանգության թշնամին է։

Կիսվել սոց․ ցանցերում