Ուշացած, ծանր թոքաբորբեր. 35 մահճակալ հզորությամբ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 50 երեխա է բուժվում

35 մահճակալ հզորություն ունեցող Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքում այս պահին վիրուսային տարբեր հիվանդություններով մոտ 50 երեխա է բուժում ստանում:

Բաժանմունքի վարիչ Ջուլիետա Հարթենյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ դեկտեմբերին ավելի վատ օրեր են ունեցել. 70 երեխա են ընդունել ու բուժել:

«Ճիշտ է, մենք ունենք 35 մահճակալ, բայց էս վերջին 2 ամիսը երբեք չի եղել, որ այդ թվով սահմանափակվենք: Դեկտեմբերի վերջում մի քանի օր 70 հիվանդ ունեցանք և կարողացանք մեր լրացուցիչ տարածքները հարմարեցնելով որպես հիվանդասենյակներ՝ բոլորի բուժումը կազմակերպել»,- նշում է բաժանմունքի վարիչը:

Ըստ մասնագետի՝ 50 տարի անընդմեջ վիրուսներ է ընդունել ու ճանապարհել: Ամեն տարի այս շրջանում վիրուսների փունջ է հայտնվում, որոնք անընդհատ փոխում են իրենց կլինիկական ախտանիշերը:

«Այս տարվա մեր փունջը, բացի սեզոնային A տեսակի գրիպից, շրջանառում է նաև H1N1-ը, նաև՝ կորոնավիրուսի ավելի թույլ շտամները: Դրանք միացել ու հարբուխային նկարագիր են ստացել: Բոլորի մոտ մոնոտիպ սիմպտոմատիկա կա: Սկսվում է բկանցքի ցավից, լորձաթաղանթի այտուց, այնուհետև՝ հարբուխ, առատ քթահոսություն, չոր, անկառավարելի հազ: Եվ այս վիրուսը եկար տևող բուժում է պահանջում: Նույն ախտանշաններով հիվանդներին անգամ նույն դեղը չի օգնում»,- նկատում է բժիշկը:

Չնայած դեկտեմբերի համեմատությամբ մի փոքր լարվածության թուլացում է նկատվում, սակայնն հիվանդանոցում աճել է մանկահասակ ու մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը: Դպրոցականները քիչ են հոսպիտալացվում: Հենց մանկահասակների շրջանում էլ ուշացած դեպքերի մեծ թիվ կա՝ իր բոլոր բարդություններով:

«Վերջին վիրուսային բռնկումից հետո գալիս է վաղ մանկական հասակը՝ 10 օրականից 3 ամսական, հիմնականում բրոնխիտներով: Իրենց թոքերը և բրոնխները դեռ լավ զարգացած չեն, և միանգամից ինֆեկցիան ներքև է գնում: Շատ են ուշացած դեպքերը, նաև ծանր թոքաբորբեր ունենք»,- ասում է Հարթենյանը:

Հետևելով երեխաների մոտ արձանագրվող հիվանդության շարժին՝ մասնագետը մեկ դիտարկում էլ ունի, ասում է՝ դեկտեմբերի 2-րդ կեսից սկսած վիրուսի կլինիկական ախտանշանները զգալի փոխվել են: Եթե դեկտեմբերին երեխաներն ընդունվում էին բաձր ջերմությամբ և ցնցումներով, քիթ-կոկորդի բարդություններով, տոնզիլիտներով, անգինաներով, այժմ մեծաթիվ են թոքաբորբով հիվանդանոց հասցվող փոքրիկները:

«Ունենք ձայնալարերի խռպոտություն, փոքր հասակի մոտ սուր լարինգիտներն ու կռուպն է շատացել: Նաև ուզում եմ նշել, որ ուշացած ու թերի բուժված շատ երեխաներ ենք ընդունում, որոնք մեզ արդեն հասնում են ծանր թոքաբորբերով: Վերակենդանացումում էլ կան հիվանդ երեխաներ»,- նշում է նա:

Անկախ այս նկարագրություններից՝ մանկական բաժանմունքի վարիչն իրավիճակը ոչ թե անհանգստացնող, այլ կառավարելի է համարում: Պետք է ընդունել որպես սովորական սեզոնային բռնկում: Ասում է՝ Մոսկվայի գործուղումից նոր է վերադարձել, այնտեղ էլ պատկերը նույնն է, արտասովոր ոչինչ չկա, սակայն ծանր վիճակներից և վատ ելքերից խուսափելու համար պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել. որքան արագ դիմեն ճիշտ մասնագետի, այնքան ավելի արդյունավետ կլինի բուժումը:

Կիսվել սոց․ ցանցերում