Գյումրու ավագանին վաղը՝ հունվարի 23-ին, արտահերթ նիստ կանցկացնի: Օրակարգում 3 հարց է ներառնված:
Քննարկման ներկայացված նախագծերի թվում է ավագանու վերջին նիստում չընդունված Գյումրու տարվա բյուջեն:
Հիշեցնենք՝ 2023-ի տարեվերջյան՝ դեկտեմբերի 29-ի նիստն ավարտվել էր անսպասելի իրադարձությամբ. քաղաքի 2024 թվականի բյուջեն չէր ընդունվել:
Նախագծին կողմ էին քվեարկել միայն «Բալասանյան դաշինք»-ը և «Հանրապետական» խմբակցությունը: Ունեցած երկուական ձայնով ձեռնպահ էին մնացել «Ապրելու երկիր» և «Զարթոնք» խմբակցությունները: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 11 անդամով դեմ էր քվեարկել նախագծին:
Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին վրդովվեցրել էր բյուջեի նախագծի չընդունումը: Վերջինս ասել էր, թե տեղի ունեցածը թողնում է գործընկերների խղճին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը խնդրել էր չմանիպուլացնել քվեարկության արդյունքները:
«Այստեղ խղճի հարց չկա: Մենք ուզում ենք, որ բյուջեն ընդունվի օրենքի բոլոր նորմերին համապատասխան: Բյուջեում շատ խնդրահարույց կետեր կան, խնդրում եմ լրամշակեք և ներկայացրեք պատշաճ տեսքով»,- ասել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը՝ հավելելով. «Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք»-ը և «Հանրապետական» կուսակցությունը տարիներ անց, ինչպես նախկինում էր, վերամիավորվել են: Շնորհավորում եմ ձեր միությունը»,- ասել էր Քնարիկ Հարությունյանը:
