Մի շարք շրջաններում ձյուն է տեղում, որոշներում` բուք է. կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Ստեփանավանի, Սպիտակի, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Երևան-Սևան ավտոճանապարհի 24-ից 33-րդ կմ-ը (բուք) փակ են կցորդիչով բեռնատարների համար: Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Լոռու, Շիրակի, Կոտայքի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Գորիս, Սիսիան, Քաջարան, Ջերմուկ, Բերդ, Դիլիջան, Ճամբարակ, Մարտունի, Արագած, Թալին քաղաքներում, Գորայքի, Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է: Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապահահատվածին, Երևան-Սևան ավտոճանապարհի 26-35-րդ կմ-ին մառախուղ է։

Կիսվել սոց․ ցանցերում