«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ 2013 թվականի վերջերից սկսած՝ Ռուսաստանի արտաքին հարցերով քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի «10 բառից 11-ը սուտ է»:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացի բացակայությունը պայմանավորված է Երևանի դիրքորոշմամբ:
Միևնույն ժամանակ Մեհրաբյանն այս մեղադրանքներին նորմալ է նայում, քանի որ, ըստ նրա, Ռուսաստանն առանձնանում է «մանր քրեականին» հարիր վարքով և մեղքերի սլաքները միշտ փորձում է շրջել դիմացինի կողմը:
«Սեփական մեղքերից մաքրվելու համար սլաքները շրջում է հենց նրա դեմ, ով այդ մեղքերից տուժել է ամենաշատը: Այդ իմաստով Հայաստանը որևէ բացառություն չի կազմում և չի կարող կազմել, բայց այստեղ հարցն ուրիշ է՝ ինչո՞ւ է Լավրովի լեզուն այդքան երկար: Մի պատճառով. Լավրովի լեզուն այդքան երկար է և կմնա երկար այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ում պահպանվում է ռուսական ներկայությունը՝ ուժային, տնտեսական, հատուկ ծառայությունների, «Ռոսսատրուդնիչեստվոյի» և «Ռուսկի դոմի» նման խուլիգան կազմակերպությունների»,- ասում է նա:
Զրուցակցի խոսքով՝ քանի դեռ Երևանի կենտրոնի ամենակարևոր դպրոցները կոչվում են ռուս գրողների անուններով՝ Չեխով, Պուշկին, և քանի դեռ Երևանի միակ կինոթատրոնը կոչվում է «Մոսկվա», այսպես է լինելու և հնչելու են մեղադրանքներ:
Ըստ նրա՝ «Լավրովի լեզվի երկարության հետ ուղիղ համեմատական է նաև Ալիևի լեզվի երկարությունը». «Շատ պարզ պատճառով, որովհետև Ադրբեջանի լինելու ճարտարապետը, ռեժիսորը, հեղինակը, ոգեշնչողը և տեխնոլոգիական ապահովումն իրականացնողը Լավրովի երկիրն է: Այս ամենն իր ամբողջության մեջ մեզ թելադրում է, թե որոնք պետք է լինեն մեր քայլերը, որպեսզի Լավրովը և լավրովանմաններն իրենց բերանները «գլխից լայն» չբացեն»:
Անդրադառնալով Սյունիքով միջանցք տրամադրելու՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին խոսակցություններին, որի մասին Ալիևը պնդում է, թե նման կետ կա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, իսկ Լավրովը հերքում է Ալիևի պնդումը՝ Մեհրաբյանն ասում է՝ Ռուսաստանն այդ հայտարարության 9-ը կետից 8-ը չի կատարել:
«Հիմա էլ ասում են՝ միջանցք չէ, բայց միջանցքանման բան պետք է տաք մեր հսկողությանը ու շարունակելու են դա ասել, որովհետև իրենց այդ՝ «ուսադիրավոր խաժամուժը» շարունակում է վեր ընկած մնալ Մեղրիում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչը նրանց հավելյալ հույս է տալիս, որ մի քիչ էլ սեղմեն, գուցե Երևանն ընկրկի: Հիմա նրանք այլ բան մտածելու պատճառ չունեն, և Լավրովը երգելու է 7-ը երգ, 7-ն էլ՝ միջանցքի մասին, ՀՀ-ի՝ որպես պետության դե ֆակտո լիկվիդացիայի մասին»,- կարծում է նա:
Միաժամանակ քաղաքագետը նկատում է՝ Լավրովի ամենաուշագրավ հայտարարություններից մեկն այն է, թե Եվրամիության դիտորդներն այստեղ ինչ-որ բան են «հոտոտում»:
«Նախ ինչ է նշանակում՝ «հոտոտում» են: Եվրոպական դիտորդների գալը պայմանավորված է Հայաստանի և Եվրամիության ընդհանուր շահերից բխող որոշումներով, և Լավրովը չէ, որ պետք է քննարկի, թե ինչ են անում դիտորդները մեր սահմանին: Այդ նրանք են հոտոտում ամեն անկյուն, թե ով ինչ է անում, ով ում հետ հանդիպեց, ինչի համար, ամեն հանդիպումից հետո էլ դնում Մարիա Զախարովա են անսթափ վիճակում «քսի տալիս» մեզ վրա»,- ասում է նա:
Մեհրաբյանը շարունակում է պնդել՝ պետք է Սյունիքից հանել ռուսական զորքերը, 102-րդ ռազմաբազան նախապատրաստել դուրսբերման. «Հաջորդ քայլով պետք է վերակողմնորոշել մեր արտահանումը, որպեսզի ՀՀ-ն տնտեսական կախվածություն չունենա ՌԴ-ից: Սրանք գառան մորթի հագած գայլեր են, մտել են մեր փարախը և վնասից բացի, ուրիշ բան չեն անում: ՀՀ-ի ո՛չ շահերն են համընկնում ՌԴ-ի հետ, ո՛չ նպատակները, ո՛չ էլ՝ արժեքները, ո՛չ մի համընկնում չկա և չի կարող լինել»:
