«Նոր Սահմանադրությամբ Հայաստանի կառավարման համակարգը պետք է մնա անփոփոխ, փոփոխությունները իշխանության լծակների վրա չպետք է ազդեն»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ասում են՝ նոր Սահմանադրություն ընդունելու իշխանության որոշումը պարտադրում են Թուրքիան ու Ադրբեջանը։
Այս մեղադրանքը հնչեցնողներին համակարգող Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ Սահմանադրությունը փոփոխվել է բացառապես մեկ նպատակով՝ նրանց իշխանությունը երկարաձգելու ու ավելի լայն լիազորություններ ստանալու համար։ Այլ հարց է, դա Թուրքիայի պահանջով էր, Ադրբեջանի․ թե՞ ․․․
Նոր Սահմանադրությամբ Հայաստանի կառավարման համակարգը պետք է մնա անփոփոխ, փոփոխությունները իշխանության լծակների վրա չպետք է ազդեն։ Նոր Սահմանադրություն ընդունելու պատճառը տարածաշրջանի ու աշխարհի փոփոխություններն են, որոնք անհրաժեշտ է կառավարել Հայաստանի պետական շահերին համապատասխան։
Ի տարբերություն Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի՝ այս իշխանությունը Սահմանադրությունը չի փոխում իր իշխանությունը երկարաձգելու ու ավելի լայն լիազորություններ ստանալու համար, կա նպատակ Հայաստանն ավելի մրցունակ և ավելի կենսունակ դարձնել աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»։
