Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում նույնիսկ ադրբեջանական բուն առաջարկից որոշակի հետընթաց է ենթադրվում:
Այս մասին 2023 թվականի դիվանագիտական տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ ՀՀ-ի համար հետագա սահմանազատման գործընթացում առավելագույն հստակությունը, ընդ որում՝ իրավական առումով, առանցքային է:
Այս համատեքստում Միրզոյանը համեմատականներ տարավ Ալմաթիի հռչակագրի հետ, որով Խորհրդային Միության 12 հանրապետություններ պայմանավորվել են և ընդունել, որ նախկին խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև անդմինիստրատիվ՝ վարչական սահմանները, ճանաչվում են բոլորի կողմից՝ որպես նորանկախ պետությունների միջև միջպետական սահմաններ:
«Սա բավականին առանցքային համաձայնություն է, որի մասին, բացի նրանից, որ 1991-ին պայմանավորվել են Հայաստանը և Ադրբեջանը և մյուս հանրապետությունները, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն էլ, ըստ էության, վերահաստատել են, օրինակ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և հետագա մի շարք հանդիպումների ընթացքում»,- ասաց նախարարը:
