Լքում եմ «Հանրային ձայն»-ի շարքերը՝ չցանկանալով այլևս որևէ կապ ունենալ կուսակացության հետ. Վահան Ավագյան

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը լքում է «Հանրային ձայն» կուսակցությունը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում Ավագյանը մասնավորապես գրել.

«Սիրելի երևանցիներ,

Հաշվի առնելով վերջին շրջանում կուսակցության ներսում տեղի ունեցող հայտնի իրադարձությունները, այդ թվում հիմնադիր անդամների շրջանում մի շարք հարցերի շուրջ անհամաձայնությունները, ինչը ըստ էության հանգեցրեց կուսակցություն պառակտմանը, ցանկանում եմ ներկայացնել իմ դիրքորոշումը այս հարցում:

Նախ նշեմ, որ «Հանրային ձայն» խմբակցությունը ձևավորվել է «Հանրային ձայն» կուսակցության Երևանի ավագանու 2023թ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքում երևանցիների կողմից ստացած ձայների շնորհիվ և անկախ ամեն ինչից, խմբակցությունը շարունակելու է իր աշխատանքը նույն տեմպով։

Ես՝ Վահան Ավագյանս, հայտարարում եմ, որ լքում եմ «Հանրային ձայն» կուսակցության շարքերը, չցանկանալով այլևս որևէ կերպ կապ ունենալ վերոնշյալ կուսակացության հետ»:

Հիշեցնենք՝ հունվարի 11-ի առավոտյան «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և այդ հիմքով դադարեցված է համարվում նրա անդամությունը կուսակցությանը։

«Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր, խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանն էլ, որը հանրության շրջանում առավել հայտնի է «Դոգ» մականվամբ, ուղիղ եթերում հայտարարել էր, որ եթե ինքը կուսակցությունում չլինի, այն կդադարի գոյություն ունենալ։

Այնուհետ հունվարի 19-ին «Հանրային ձայն» կուսակցության համագումարին տեսակապով մասնակցած Վարդան Ղուկասյանը հայտարարել էր կուսակցությունից հրաժարվելու և նոր կուսակցություն ստեղծելու մասին, որն անվանել է ԴՕԿ:

Կիսվել սոց․ ցանցերում