Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը տեսաուղերձի միջոցով հայտնել է, որ հեռացել է Հայաստանից՝ իր կյանքին սպառնացող վտանգի և իբր ոստիկանական բռնաճնշումների պատճառով։
Հայրապետյանը տեղեկացրել է, որ քաղաքական ապաստան է խնդրել և մնալու է արտերկրում այնքան ժամանակ, մինչ հասկանա, որ իր կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ Հայրապետյանը հաղորդում էր ներկայացրել, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել աչքերը, ապա՝ տեղափոխել իրեն անծանոթ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։ Ըստ նրա՝ այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված՝ զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։
Նարինե Հայրապետյանի առևանգման մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:
