«Քաղաքական ապաստարան եմ խնդրել». Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության աղմուկ հանած անդամը բացահայտում է երկիրը լքելու շարժառիթները

Երևանի ավագանու «Մայր Հայաստան»  խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի՝ Նարե Սոսեի ենթադրյալ առևանգման վերաբերյալ մանրամասներ է հայտնել ինքը՝ «առևանգվածը»։ Համապատասխան տեսաուղերձում  վերջինս այդպես էլ հստակ չի ասում, թե ովքեր էին իրեն առևանգողները, ինչ հանգամանքներում է տեղի ունեցել առևանգումը  (ավելի վաղ հայտնել էր, որ առևանգվել է Երևանի Թոթովենց փողոցից), և ով էր  այն խորհրդավոր, 60-ն անց տղամարդը, որն իրեն առևանգելուց հետո «զսպվածության մասին» ցուցումներ էր տվել, ապա՝ ազատ արձակել։ «Հասկանալով, որ իմ կյանքին վտանգ է սպառնում, և չհասկանալով, թե ովքեր էին ինձ իմ կամքին հակառակ ինձ հետ չակերտների մեջ ասած խոսելու տանողները, և ինչ կապ ունեն նրանք ոստիկանական բարձրաստիճան սպաների հետ, որոնք որ ոչ մի կերպ չէին կարողանում բացահայտում կատարել, այլ հակառակը, փորձում էին ինձ մեղադրանք կարել, անգամ իրենք գրել էին ցուցմունք և ինձ ստիպել, որ ստորագրեմ, անգամ կամերայի տակ ուղղորդել են՝ ինչ ասեմ»,- ասում է Նարինե Հայրապետյանը՝ հավելելով՝ ստիպված է եղել լքել հայրենիքը, քանի որ վախենում էր  արժանանալ պրոդյուսեր, «թուրքի եթիմ» արտահայտության հեղինակ, դատական նիստի ժամանակ մահացած  Արմեն Գրիգորյանի ճակատագրին։

Այս ողջ՝ խառնիխուռն պատմությունից պարզ է դառնում, որ տիկին Հայրապետյանը «քաղաքական ապաստարան» է խնդրել և ստացել, իսկ թե որ երկրում՝ չի նշում՝ շեշտելով՝ երկրից չի փախել։ «Ես իմ հայրենիքին ողջ եմ պետք, ես դեռ պայքար ունեմ տանելու, ում է պետք մահացած Նարե Սոսեն»,- հայտարարել է ավագանու անդամը և խոստացել, որ հեռավար ֆորմատով շարունակելու է քաղաքական ակտիվությունը։

Ենթադրում ենք՝ ավագանու ընդդիմադիր անդամն այժմ ՌԴ-ում է, որտեղ ժամանակին բնակվել է։

Չի բացառվում, որ այս ողջ պատմությունը, որի իսկությանը, ի դեպ, շատերն են կասկածում, բեմադրվել է՝ ցույց տալու համար, թե, ինչպես որոշ ընդդիմադիր գործիչներ են բնորոշում՝ «նիկոլյան Հայաստանում» հետապնդում են ընդդիմադիր հայացքներ ունեցողներին, մասնավորապես՝ կանանց, առևանգում են, սպառնում, վախեցնում և այլն։ ՀՀ-ի դեմոկրատական իմիջը, խոսքի, մամուլի ազատության ինդեքսի բարելավումները, ինչպես հայտնի է, ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս ընդդիմությանն ու  նրանց ուղղորդող շահագրգիռ կենտրոններին։

Նարինե Հայրապետյանը, ինչպես հայտնի է,  օրերս հաղորդում էր ներկայացրել ՀՀ ոստիկանություն այն մասին, որ իրեն առևանգել են, և զգուշացրել էր «չափերի մեջ մնալ և դադարեցնել կոշտ քննադատությունը»:

Վարույթն իրականացնող մարմինը՝ Քննչական կոմիտեն, civic.am-ին հայտնել է, որ  2024թ. հունվարի 17-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ստացել է Նարինե Հայրապետյանի հաղորդումը մի խումբ անձանց կողմից հունվարի 15-ին իրեն առևանգելու մասին։ Ինչպես նաև ստացել է Ոստիկանության կողմից կազմված արձանագրություն, ըստ որի՝ Ն. Հայրապետյանը հայտարարել է, որ ոչ ոք իրեն չի առևանգել, և առևանգման մասին հայտարարությունն արել է քաղաքական նկատառումներով։

Հաղորդման և ստացված փաստաթղթերի հիման վրա մի խումբ անձանց կողմից մարդու առևանգման հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում քննության առարկա են դարձել բոլոր վարկածները, այդ թվում նաև՝ առևանգում կատարվելու։

«Շարունակվում են բոլոր անհրաժեշտ, անհետաձգելի վարութային գործողությունները՝ հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ տուժող Ն. Հայրապետյանի մասնակցությամբ կատարվել են մի քանի քննչական գործողություններ, որոնց ընթացքներն ամբողջությամբ սահմանված կարգով տեսաձայնագրառվել են։ Բացի դրանից, տուժողը ցուցմունքով ևս պնդել է, որ իրեն չեն առևանգել։

Այնուամենայնիվ, վարույթն իրականացնող մարմնի կողմից առաջարկվել է, որ եթե իր նկատմամբ, այնուամենայնիվ, գործադրվում է ճնշում, կարող է նրա նկատմամբ սահմանված կարգով կիրառվել հատուկ պաշտպանության միջոցներից որևէ մեկը։ Վերջինս հերքել է ճնշման հանգամանքը և հրաժարվել առաջարկված՝ իր նկատմամբ հատուկ պաշտպանության միջոցից։

Նախաքննությունը շարունակվում է»։

Կիսվել սոց․ ցանցերում