Դուք, ի՞նչ է, ուզում եք, որ ես փողոցներն ընկնեմ ու ձեր հեռախոսը փնտրե՞մ

Ստյոպա Սաֆարյանը գրում է․

«Դուք, ի՞նչ է, ուզում եք ես փողոցներն ընկնեմ ու գողացված հեռախոսը գտնե՞մ»․ Էրեբունու ՔԿ քննիչ
Այն որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո դատաիրավական բարեփոխումները վեր են ածվել մղձավանջի ու ողբերգության, այլևս փաստերն ու անհատական գործերի դրամատիկ հանգուցալուծումներն անհերքելի ապացույց են դարձել։
Այսօր տեղեկացա, որ զարմիկներիցս մեկը, ով Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղից է և ԲՈՒՀ-երից մեկում ուսում է ստանում Երևանում, երեկոյան ժամերին նաև իր ավտոմեքենայով երբեմն երբեմն տաքսի ծառայություն է մատուցել ընկերություններից մեկով իր ուսման վճարի, կեցության ու այլ ծախսերի ծածկման հարցում աշխատավոր ծնողների վիճակը թեթևացնելու համար։
Օրերս, ուշ երեկոյան, կանչերից մեկով զարմիկս հաճախորդին տեղափոխում է իր պատվիրած հասցեով, որտեղ վերջինս խնդրում է երիտասարդի հեռախոսը /պատճառաբանությամբ, թե իր հեռախոսը չի աշխատում և վճարման համար պետք է օգտվի այլ հեռախոսից/, որը վերցնելուց հետո ճողոպրում է ավտոմեքենայից։ Հանցագործության մասին հաղորդում է տրվում բաժին։ Ծնողների, երիտասարդի ու այլոց ջանքերով լուսադեմին Էրեբունու բաժնի քննչականին են տրամադրվում հեռախոսագողի բոլոր տվյալները։ Գողին առավոտյան ևեթ բռնում են, կալանքի սանկցիա տալիս, և որքան ինձ հայտնի է՝ ուղարկում համապատասխան հաստատություն։ Ուշադրություն դարձրեք, որ հանցագործի նույնականացումը կատարվել է մեծապես տուժողների կողմից․․․
Քննիչ օրիորդ/տիկին Ավետիսյանը այդքանով իր «գործը» ավարտված է համարում և, ինչպես ինքը ձևակերպեց հեռախոսազրույցում, «15-ական րոպե» տուժող երիտասարդին ու նրա հայրիկին բանավոր բացատրել է, որ «հեռախոսը վերադարձնել չեն կարող, քանի որ հանցագործը պարտավոր չէ իր դեմ ցուցմունք տալ, նրա նկատմամբ ուժ կիրառել չեն կարող, վերջինս էլ չի ասել, թե ինչ է արել հեռախոսը», հետևաբար, այդքանով պետք է մխիթարվեն․․․․
Երբ հարազատս՝ տուժողի հայրը ինձ փոխանցեց պատասխանը, ականջներիս ու լսածիս չհավատացի։ Խնդրեցի քննիչի հեռախոսահամարը։ Զանգահարեցի և ներկայացա՝ տուժողի հորեղբայր։ Կայտառ ձայնով քննիչ տիկինը/օրիորդը տեղեկացրեց, որ առերեսման է, չի կարող զրուցել և առաջարկեց զանգահարել մեկ ժամից։
Զանգահարեցի 1,5 ժամ անց և խնդրեցի տեղեկացնել, թե արդյո՞ք իր վարույթում քննված գործի կապակցությամբ որոշում է կայացվել, ի՞նչի մասին է այն, ինչպես կարող ենք դրան ծանոթանալ․․․ Ի վերջո, ոչ միայն տրամաբանությունն է հուշում, կամ ավելի ստույգ՝ օրենքն է պարտադրում, այն ինչ նա «15» րոպե առանձին առանձին պատմել է տուժողին ու նրա հորը, պետք է գրված լինի ինչ-որ թղթի վրա, որը կոչվում է որոշում, ու տրամադրված լիներ նրանց․․․
Քննիչի՝ լեզուն ծամծմելուց հասկացա, որ որոշման մասին չի խոսում, դրա փաստը չի հաստատում, ինչից հետո խնդրեցի հաստատել առնվազն այն, ինչն ինքը 15-15 րոպեներ ներկայացրել է հարազատներիս, ըստ այդմ՝ խնդրեցի հայտնել նաև, թե ինչո՞ւ չի կարող /չպետք է տուժողին վերադարձվի իր գողացված հեռախոսը․․․․
Չպատմեմ, քննիչի տրամաբանության որոշ՝ ինձ շոկի մատնած դրսևորումներից։ Կարճ խոսակցության մեջ ահագին երկար պաշտպանեց հանցագործի շահերը՝ «դեհ, գիտեք, նա իրավունք ունի ցուցմունք չտալ իր դեմ, հայտնել հեռախոսի գտնվելու վայրը կամ այն անձին, ում մոտ գտնվում է այժմ հեռախոսը․․․․ Դեհ, մենք էլ իրավունք չունենք ուժ գործադրել, որ նա պատմի, հետևաբար, հեռախոսը վերադարձնել չենք կարող․․․»
Չէ, բայց սա ամենը չէ։ Բանը չհասավ նրան, որ տիկին/օրիորդ քննիչին հարցնեմ, թե արդյո՞ք տեղյակ է ժամանակակից հեռախոսների առանձնահատկություններին, «Գտնել իմ հեռախոսը» ծրագրին, բջջային օպերատորով համարին հետևելու տարբերակներին․․․․ Բանը դրան չհասավ, որովհետև իմ մի անմեղ հարցը՝ թե «ուզում է ասել, քննությունն ավարտված է և ուրիշ ոչինչ չի նախաձեռնելո՞ւ», նրան հանեց հունից ու հակադարձեց․
«Դուք, ի՞նչ է, ուզում եք, որ ես փողոցներն ընկնեմ ու ձեր հեռախոսը փնտրե՞մ․․․ Լո՞ւրջ եք ասում։ Չէ, բայց դուք լո՞ւրջ եք ասում․․․․»
Պատաասխանեցի, որ դա քննիչի պարտականությունն է, ոչ թե իմ սրտի ուզելիքը և տուժողին պատճառված վնասը պետք է փոխհատուցվի․․․
Այս ամենից հետո քննիչը նախըտրեց անջատել հեռախոսազանգը ու չլսել իմ հորդորը՝ որ նման դեպքում, եթե անգամ հանցագործը հրաժարվում է կամովին վերադարձնել գողացվածը, իսկ կարծեք թե անհերքելիորեն ապացուցված է, որ նա է գողացել հեռախոսը, այլապես քննիչն նրան ազատազրկելու իրավունք էլ չպետք է ունենար, այդ դեպքում տուժողի կրած վնասների հարկադիր փոխհատուցման բազում ընթացակարգեր կան․․․ Ի վերջո, հնարավոր է, որ ունենա անշարժ կամ շարժական գույք, սեփականություն, եկամուտ և այլն, և պետության պարտավորությունն է երաշխավորել ու ապահովել իր տուժած քաղաքացու իրավունքի պաշտպանությունը․․․ Իսկ դա միայն հանցագործին ազատազրկելը չէ․․․․
Չերկարացնեմ։ Շարունակում ենք ցնցվել ու տառապել նրանից, թե ո՞վ և ի՞նչ իրավագիտություն է սովորեցնում այսպիսի կադրերին, որոնք ավելի շատ գիտեն, թե ի՞նչ սուրբ իրավունքներ ունեն հանցագործները, իսկ սեփական պարտականությունները տուժած քաղաքացու առջև, որպես պետության ներկայացուցիչ, կարծես թե այդքան էլ չգիտեն կամ չեն էլ ցանկանում իմանալ․․․․
Բայց ուզում եմ օրիորդին / տիկնոջը կամ նրա վերադասին փոխանցել, որ քանի որ նրանք բարձր աշխատավարձ են ստանում իմ վճարած պատկառելի հարկերից, ես չեմ թողնելու, որ նրանք «չիմանան» պետության պարտավորությունները․․․․
Վաղը ես այցելելու եմ Էրեբունու քննչական բաժին՝ հանդիպելու դրա ղեկավար Համբարձում Սիրեկանի Պետրոսյանին։ Կգնամ զարմիկիս հետ՝ պահանջելու կայացված որոշման պատճեն ու բացատրությունը, թե ինչո՞ւ են քննիչները բանավոր հաղորդակցվում մարդկանց հետ․ չէ՞ որ քաղաքացիներն իրավունք ունեն առարկել, բողոքարկել իրենց վերաբերյալ կայացված ակտերը, իսկ դա անելու համար պետք է դրանք ունենա՞լ․․․
Միթե տիկինը/օրիորդը ափսոսացել է իմ վճարած հարկերի հաշվին մեկ կամ երկու Ա4 ֆորմատի թղթի վրա գրել, որ ինքը «պարտավորություն չունի փողոցներն ընկնել և գտնել մեր հեռախոսը»․․․ Վերջում էլ՝ իրեն ու դասականին բնորոշ ոճով հավելել՝ «Յա, իրո՞ք»․․․ Ընդամենը այդքանը։ Մնացածը մենք գիտենք, թե ինչ կանենք․․․
ՀՀ Քննչական կոմիտե-ն և պարոն Արգիշտի Քարամյանն անձամբ թող չզարմանան շարունակությունից։ Սա այսպես մնալ չի կարող ու չի թողնվելու։
Եվ եթե կան քննիչներ, որոնք չգիտեն իրենց պարտավորությունները ՀՀ քաղաքացիների առաջ, նրանց վերադասը չի ցանկանում դա բացատրել, ապա հասարակությունը բացատրելու ձևերը կգտնի։
Հնարավոր է՝ վաղը Քննչական կոմիտեի Էրեբունի բաժին այցելելուց առաջ կարճ հաղորդագրություն տեղադրվի ֆեյսբուքում՝ այդ բաժանմունք լրագրողների ընկերակցությամբ գնալու համար։ Քանի որ այս պահին որոշ անհստակություններ կան իմ գրաֆիկում ու ժամ չի կարող ասվել այս պահին, հետևեք վաղվա ազդագրերին։
Առայժմ այսքանը․․․
Կիսվել սոց․ ցանցերում