Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում դիմել է դատական համակարգը քննադատողներին։
«Հայաստանում դատական հաղթանակներ սկսել են շատ հաճախ տոնել նաև այն փաստաբանները, քաղաքական գործիչները, լրատվամիջոցները, ովքեր անխնա քննադատում են դատական և այլ իշխանություններին: Հատկապես վերջին ամիսներին բազմիցս լսած կլինեք, որ հերթական «վերջին անկախ դատավորը», չենթարկվելով իմ ճնշումներին, մի լավ որոշում է կայացրել:
Չնայած դատական իշխանության վրա ձեր անարդար, ոչ կոռեկտ, իսկ երբեմն հանցավոր հարձակումներին` դուք շարունակելու եք հաղթել դատարաններում, եթե օրենքով ճիշտ եք: Երբ սխալ եք` պարտվելու եք` ի հեճուկս ձեր բոլոր շանտաժների: Երբ սխալ է դատավորը` բողոքարկելու եք, և ուղղվելու է այդ սխալը կամ դատավորի գործը հասնելու է ԲԴԽ:
Շարունակեք քննադատել և օգտվել դատական համակարգի ակնհայտորեն բարելավվող ծառայություններից»,- գրել է նա:
