Էս ամեն ինչը սկսվեց «Հոկտեմբերի 27»-ից, էսօրվա իրավիճակը «Հոկտեմբերի 27»-ի հետեւանքն է․ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյան

«Ինչպես ասում էր սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ տարվա 365 օրն էլ բանակի օրն ա։ Մենք պետք է այս հոգեբանությամբ, այդ հենքի շուրջ համախմբված լինենք, որ կամաց-կամաց մեր էս վիրավոր բանակը կարողանանք ոտքի կանգնեցնել, կարողանանք դարձնել մարտունակ, պրոֆեսիոնալ բանակ»,-«Եռաբլուր»-ում  այսօր ՀՀ զինված ուժերի կազմավորման օրը հայտարարել է ԵԿՄ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Ի պատասխան հարցի՝ ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չի խոսում ԼՂ-ի մասին՝ Միքայելյանն արագանքել է․ «Ժողովուրդ ջան, բոլորս հայրենասեր ենք դարձել։ Եկեք բոլորս նայենք, թե հետագան ինչ պիտի լինի։ Դրա համար համախմբածություն պետք է լինի, որպեսզի հզոր բանակ ունենանք; Մենք՝ երկրապահներս, չենք հուսահատվել երբեք, իրավիճակ է այսօր, որ մենք պետք է կարողանանք համախմբված հզորանանք, ու ես երբեք չեմ հուսահատվում, որ կգա ժամանակն ու էլի նույն հաղթանակները կկրկնվի։ Մի բան էլ ավելացնեմ՝ մենք էն սերունդն ենք, երկրապահն էն սերունդն է, որը հաղթանակ է կրել Արցախյան ազատամարտում, դա (պարտությունը-խմբ․) մեզ համար ավելի ծանր է, քան էստեղ կանգնած որեւէ մեկի, որն այստեղ հայրենասիրություն է խաղում։ Էդ մեծ-մեծ, ճոռոմ-ճոռոմ խոսելը երբեք ոչ մի օգուտ չի տա էս երկրին։ Եթե կա մեկը, որը կռվող տղուց ավելի շատ ա ուզում ազատագրի հողը, կամ՝ ավելի շատ ա ուզում խաղաղությունը, չարաչար սխալվում ա»։ Սասուն Միքայելյանը նշել է նաեւ, որ 90-ական թվականներին, երբ սպարապետը համախմբեց ազատամարտիկներին, դարձյալ ծանր իրավիճակ էր։ «Ու ադրբեջանցիք ավելի շատ էին թե մարդաքանակով, թե զինտեխնիկայով, թե ամեն ինչով։ Գիտեք, որ այդ ժամանակ հարեւան պետությունում (Ադրբեջանում –խմբ) քաղաքացիական պատերազմ եղավ եւ մենք կարողացանք, Վազգենը կարողացավ համախմբել բոլորին։ Էսօր մեր՝ «Երկրապահ»-ի խնդիրը սահմանները պահելն ա, լինել մեր զինվորի կողքին, որը մենք անում ենք։ Եթե մարդիկ կան, որոնք զինվորական են, պատկերացնում են, որ մի տարվա մեջ 8 հազար մարդ մարտական հերթապահություն է իրականացրել պետական սահմաններին»,-նշել է ազատամարտիկը։

Լրագրողի դիտարկմանը՝ 2023-ին մենք չհամախմվեցիքն ԼՂ-ի շուրջ, մենակ թողեցինք, այդ պատճառով էլ կորուստ ունեցանք, այժմ էլ թշնամին անկլավներն է պահանջում՝ ԵԿՄ նախագահն արձագանքել է՝  «Արցախն ինչ եղավ՝ կգնաս նախկին վերադասից կհարցնես»՝ հավելելով՝  «էս ամեն ինչը սկսվեց «Հոկտեմբերի 27»-ից,  էսօրվա իրավիճակը «Հոկտեմբերի 27»-ի հետեւանքն է»։  Միքայելյանի խոսքով՝ եթե ուզում ես  թշնամու հետ խոսել, պետք է հզոր լինես, իսկ նախկինում մենք էինք հզորը։

Պատասխանելով սահմանադրական փոփոխությունների մասին հարցին՝ Միքայելյանը նկատեց․ «Սահմանադրությունը կփոխի այն ժամանակ, երբ հանրաքվե կլինի եւ եթե ժողվուրդը ձայն կտա այդ փոփոխմանը, կլինի փոփոխություն։ Իսկ Սահմանադրության փոփոխությունն էլ կբերի մեր պետության համահունչ հզորացմանը, անկախության ու սահմանների պաշտպանությանը»։ Սահմանադրությունը, նրա խոսքով,  ինչ-որ մեկի ցանկությամբ չէ, որ պետք  է փոփոխի։ Դիտարկմանը՝ իսկ փոփոխված Սահմանադրության մեջ  ԼՂ-ի եւ ՀՀ-ի միավորման մասին պե՞տք է հիշատակում լինի՝ Միքայելյանն արձագաքել է՝ Արցախն ու ՀՀ-ն միավորողը մենք ենք։ «Այ դա ես ու դու պիտի միավորենք, որ քիչ խոսես, մի օր կմիավորենք»։

Կիսվել սոց․ ցանցերում