Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին հայտարարվել է նախազգուշացում

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշել է բավարարել այն:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին հայտարարել նախազգուշացում:

Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից:

«Դատավորը թույլ էր տվել վարքագծի կանոնների խախտումներ, մասնավորապես, իրեն մակագրված  քաղաքացիական գործով ինքնաբացարկ հայտնելու հիմքերի առկայության պայմաններում դատավորն ինքնաբացարկ չի հայտնել, քննել և լուծել է գործը: Միաժամանակ, դատավորը գործով կողմերին չի բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որը կարող էր հիմք հանդիսանալ Դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավարական գործողություններ կատարելու համար:

Միաժամանակ հայտնում ենք, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում