Մյունխենի դատախազությունը կոռուպցիայի մեղադրանք է ներկայացրել Քրիստոնեա-դեմոկրատական միության երկու նախկին պատգամավորների՝ Ադրբեջանից ենթադրյալ կաշառք ստանալու համար։
Այս մասին հայտնում է Spiegel-ը։
ՔԴՄ նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերը և Էդուարդ Լինտները Բունդեսթագի անդամներ են եղել համապատասխանաբար 33 և 23 տարի։ Ֆիշերը պատգամավոր չէ 2009 թվականից, Լինտները՝ 2021 թվականից։ Կասկածները վերաբերում էին նաև նախկին քաղաքական գործիչ Կարին Ստրենցին, սակայն նա մահացել է 2021 թվականին։
Հետաքննությունը տևել է ավելի քան չորս տարի և ավարտվել կոռուպցիայի և ընտրված պաշտոնյաների կաշառակերության մեղադրանքներով։
Լինթները մեղադրվում է Ադրբեջանի իշխանություններից միջոցներ ստանալու և այլ պատգամավորներին, այդ թվում՝ Ստրենցին ԵԽԽՎ-ում Ադրբեջանին ձեռնտու որոշումներ կայացնելու դիմաց դրանք փոխանցելու համար:
Դատախազությունը կարծում է, որ Ստրենցը համաձայնել է գործել «Ադրբեջանի ակնկալիքներին համապատասխան»։
Ֆիշերին նույն մեղադրանքներն են առաջադրվել. 2011 թվականին նա, ըստ մեղադրանքի, պայմանավորվել է Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցչի հետ ԵԽԽՎ-ում աջակցել Բաքվին ձեռնտու գծին՝ ապագայում դրամական փոխհատուցման դիմաց։ Խոսքը «դրական» ելույթների, գաղտնի տեղեկատվության փոխանցման և բուն քվեարկության մասին է։
Նախկինում նմանատիպ մեղադրանքներ էին առաջադրվել մեկ այլ պատգամավորի՝ Մարկ Հաուպտմանի նկատմամբ, սակայն Թյուրինգիայում նրա դեմ հետաքննությունը կասեցվել էր։
Լինթները փաստացի չի հերքում, որ զբաղվել է Ադրբեջանի օգտին լոբբինգով և խոստովանել է, որ իր ընկերությունները Ադրբեջանից ավելի քան 3 մլն եվրո են ստացել։ Միաժամանակ նա այժմ հայտարարել է, որ քրեական մեղադրանքն անհիմն է։
