«Այսօր հրապարակվեց տարեկան տնտեսական ակտիվության ցուցանիշը, և Հայաստանը 12 ամսվա կտրվածքով բարձր աճ է գրանցել»:
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 12 ամսվա մեջ կազմել է 9,4 տոկոս, որը ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի ուղեծրի վրա:
«Ես վերջերս էլ եմ դրա մասին խոսել, որ ՀՀ քաղաքացիների կյանքը էապես բարելավվել է, աղքատությունն է կրճատվել, միջին աշխատավարձն է 14 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ էր, ստեղծվել է 37 հազար նոր աշխատատեղ, և այսպես կարող եմ շարունակել որքան ուզեք: Մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը վերջին 3 տարիների ընթացքում համարյա կրկնակի աճել է, դա ցույց է տալիս, որ բոլորը լավ են ապրում»,- ասաց նախարարը և հավելեց, որ բոլորը չէ. «Ես, օրինակ, էապես ավելի վատ եմ ապրում, քան մինչև աշխատանքի անցնելը, աշխատավարձն էլ էապես ավելի ցածր է, քան մինչև նախարար դառնալս էր»:
