Մենք մի շարք ուղղություններով ունենք կարևոր աշխատանք, այդ թվում իրազեկումների հետ կապված։
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հոսանքի տևական անջատումների դեպքում փոխհատուցման վերաբերյալ հանության շրջանում տեղեկացվածության պակասին։
Վարչապետի խոսքով՝ այսօր գործում է մեխանիզմ, ըստ որի՝ եթե սահմանված ժամկետում քաղաքացու էլեկտրամատակարարումը չի վերականգնվում, քաղաքացիներին փոխհատուցում է վճարվում, մինչդեռ մեր քաղաքացիները գործնականում իրազեկված չեն դրանից:
«Իրենք չգիտեն, որ եթե 4 ժամ և ավելի որևէ տեղ հոսանքի անջատում է տեղի ունենում, ՀԷՑ-ը պարտավոր է փոխհատուցել ու որոշակի վճարում իրականացնել: ՀԾԿ հանձնաժողովը վերահսկում է դա, և այդ վճարումներն իրականացվում են: Այլ բան, որ քաղաքացիները միշտ չէ, որ դա ֆիքսում են: Շատ կարևոր է նաև, որ մեխանիզմներ կան, որ քաղաքացիները կարող են դիմել ՀԾԿ հանձնաժողովին մատակարարման, էլեկտրաէներգիայի որակի, հանրային ծառայությունների կարգավորման առումով: Մենք ակնկալում ենք, որ այս ուղղություններով պետք է աշխատանքներն ակտիվանան»,-ասաց նա:
