փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Խանջյան փողոցում՝ «Մոլորակ» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Mitsubishi Grandis և Toyota մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Toyota-ն էլ անցել է բաժանարար գոտու հատվածը և հայտնվել կանաչ «գազոն»-ում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Toyota-ի վարորդն է, ում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/02/01/1254939
