«Երեխան ծնվել է մայիսին, ես դիմել եմ հունիսին օնլայն և 2 ամիս հետո՝ օգոստոսին, պատասխան եմ ստացել, որ դիմումս մերժվել է՝ առանց հիմնավորման, իսկ նշված հեռախոսահամարով էլ փորձել եմ զանգել, բայց կապ հաստատել չի լինում»- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Մ. Ի.-ն. նա հունիսին դիմել է Միասնական սոցիալական ծառայություն 2-րդ երեխայի համար ամսական 37.000 դրամ երեխայի խնամքի նպաստ ստանալու համար, սակայն մերժվել է՝ առանց հիմնավոր պատասխանի։
Հավելենք նաև, որ սոցիալական ցանցերում կանայք բողոքում են, որ Միասնական սոցիալական ծառայության կայքը ոչ պատշաճ է աշխատում, և հնարավոր չի լինում դիմել։
Մենք հարցում ուղարկեցինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ հասկանալու համար, թե ո՞րն է խնդիրը, ինչո՞վ է պայմանավորված դիմումների մերժումը և կայքի վատ աշխատանքը։ Մեզ պատասխանեցին, որ սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում առցանց դիմումների ներկայացման գործընթացին առնչվող համակարգային խնդիր չկա. միջոցառումների շրջանակում վճարումներն իրականացվել և շարունակում են իրականացվել՝ հիմք ընդունելով անձանց կողմից ներկայացված դիմումները. «Այնուամենայնիվ, եթե կան մասնավոր դեպքեր, ապա քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ՝ խնդիրը պարզաբանելու համար»։
Նաև հավելեցին, որ տվյալ անձը մինչև չգրանցվի Միասնական սոցիալական ծառայության կայք, չի կարող դիմում ուղարկել, իսկ մերժվելու դեպքում կամ հիմնավորումն են ներառում նամակում, կամ հավելյալ տեղեկացնում, որ անձը մոտենա Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
Նշենք, որ մեզ դիմած քաղաքացու երեխան արդեն 9 ամսական է, և նա մինչ այժմ երեխայի խնամքի նպաստը չի ստացել։
Աննա Դեինյան
