Դատախազությունը Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Վճռաբեկ դատարան բողոք կներկայացի

ՀՀ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանում կբողոքարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը տնային կալանքով փոխարինելու՝ Վերաքննիչ դատարանի երեկ կայացրած որոշումը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Խափանման միջոցի փոփոխման մասին երեկ հայտնել էին Սմբատյանի փաստաբանները և նշել, որ նման որոշումն անընդունելի է, և իրենք ևս պատրաստվում են Վճռաբեկ դատարանում բողոքարկել այն:

Հիշեցնենք՝ օգոստոսի 11-ին դատախազը մերժել էր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը և նրա որդին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ձերբակալվել էին, այնուհետև՝ երկու ամսով կալանավորվել:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ քրեական վարույթով պարզվել է՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, վերջինիս որդի, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և գործարար Արման Պետրոսյանը 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը:

Կիսվել սոց․ ցանցերում