«Լինելով քաղաքական որդեր՝ վերացնում են միմյանց». ինչու է «կռ իվ ընկել» ընդդիմության մեջ

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմությունը և դրա անդամները, միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելով, փորձում են վերջնականապես ոչնչացնել իրենց։

Վերջինս ընդդիմադիր ներկայացուցիչների՝ իրար դեմ պայքարը որակում է «քաղաքական որդերի» կռիվ։

Նկատենք, որ ընդդիմության մեջ այդ պայքարն ու հակասությունները առավել տեսանելի դարձան հատկապես այն բանից հետո, երբ ընդդիմության վառ ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը օրեր առաջ հայտարարեց, որ այժմ պետք է հասկանալ՝ ով է ընդդիմությունը՝ անուններով, որովհետև իր համար տարօրինակ է, որ ընդդիմադիր քաղաքական ուժը նստում հրապարակային քննադատում է հենց ընդդիմությանը։ Նա նկատել էր, որ ընդդիմության բարձրախոսը ազատ է և հրավիրել էր այն վերցնողների ուշադրությունը։

«Լինելով քաղաքական որդ՝ վերացնում են միմյանց։ Իրենց մոտ բարձրախոսները միշտ ազատ են եղել և ձեռքից ձեռք փոխանցովի, որովհետև ամեն ինչ արել են հանուն ոչնչի, բացի աթոռակռվից, դրա համար նորմալ է, որ անընդհատ տերեր և առաջին դեմքեր են փոխվելու»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ընդդիմության գլխավոր խնդիրը աթոռակռիվն է, դա այն ամենն է, ինչ նրանք չեն կարողանում կիսել, ինչի համար էլ սկսվել են միմյանց դեմ մեղադրանքները։ Այդ պայքարը, ըստ Խաչատրյանի, երևում է նաև Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև, որոնք երկուսնն էլ պայքարում են առաջնորդի դերի համար․ «Լիդերի կռիվն է իրենց մեջ ամուր, բոլորը իրենց տեսնում են՝ որպես առաջին դեմք։ Սկզբում 10 հոգի են լինում, հետո դառնում են 20 ու նորից բաժանվում Երևանի կենտրոն խրամատներում, որովհետև խրամատներն իրենց համար Երևանում են։ Իրենք դրսի ծառաներ են և շարունակում են ծառայել Ռուսաստանին»։

«Հանրապետություն» կուսակցության անդամը կարծում է, որ հասարակությունը ևս պետք է տարանջատի ընդդիմությանը՝ կա ընդդիմություն, որը պայքարում է Հայաստանի դեմ, և կա այնպիսինը, որը պայքարում է հանուն Հայաստանի։ Խաչատրյանը միաժամանակ վստահ է՝ Երևանի ընտրությունները ապացուցել են, որ այդ տարանջատումն անել ժողովրդին հաջողվել է:

«Փողոցային ընդդիմությունը ժողովրդի համար քաղաքական փողոցայիններ են, և ինչքան էլ աշխատանք կատարեն, ՀՀ քաղաքացին չի դառնալու փողոցային։ Իրենց նախկին լիդերներին վաղուց ժողովուրդը մերժել ու ճանապարհել է։ Իրենցից ամեն մեկն արդեն քաղաքական առումով փչացած է, եթե անգամ դուրս են գալիս որևէ լիդերի կողքին կանգնում, ապա այդ լիդերը ևս հավասարվում է իրենց քաղաքական փչացվածության մակարդակին։ Փորձում են նոր տերեր գտնել, բայց մոտները դա լավ չի ստացվում: Նրանց ճյուղերից էր նաև Հայկ Մարությանը, որը քաղաքական մասով նույնպես չկայացավ»,- ասում է նա:

«Հանրապետություն» խմբակցության ներկայացուցչի խոսքով՝ եթե անգամ ՀՀ քաղաքացին ինչ-որ հարցերով չի կարողանում համաձայնության գալ Հայաստանի ընտրված իշխանության հետ, միևնույն է, միանշանակ մերժելու է ընդդիմության ցանկացած գործողություն. «Երևանում անգամ չեն կարողանալու քարոզարշավի դուրս գալ. դաշնակաքոչարյանական, սերժական գնացքը վաղուց ուղարկվել է քաղաքական գերեզման։ Իրենք կերազեն լինել այնպիսի ընդդիմություն, ինչպիսին մենք ենք․ մեր քաղաքական ուժը փողոցային լեքսիկոնով դուրս չի գալիս փողոց և հակահայ կերպով չի գնում ՌԴ որևէ հեռուստաեթերով Հայաստանի դեմ հայտարարություններ անում։ Մենք քաղաքական և աշխարհաքաղաքական առումով միշտ ենք եղել, իսկ իրենք երբեք չեն համարվել ընդդիմություն»:

Կիսվել սոց․ ցանցերում