Աлիևի լեզվից ու բեղերից կառչած կրտսեր Քոչարյանին հորդորում ենք հիշել այն օրերը, երբ իր պապան էր սահմանադրական «բարեփոխումներ» նախաձեռնել

Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը միացել է սահմանադրական բարեփոխումները «ադրբեջանական պատվեր» համարող,  ձեռքը չոքին խփող ու «բայաթի կանչող» հայրենասերների բանակին։ Նա երեկ ՀՀ վարչապետի՝  Հանրային ռադիոյին տված հարցազրույցի հեռարձակումից հետո տելեգրամյան իր ալիքը «զարդարեց»  ՀՀ Սահմանադրության վերաբերյալ  Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով՝ կից գրելով. «Մեր երկիրը, ցավոք, դե ֆակտո ղեկավարվում է Բաքվից»։

Ալիևի լեզվից ու բեղերից կառչած հայր և որդի Քոչարյաններն ու նրանց կողմից  փաստացի ղեկավարվող ԱԺ համապատասխան խմբակցությունը, արդեն առիթ ունեցել ենք գրելու,  ոչ միայն սնվում են ադրբեջանական քարոզչությամբ, այլև իրենց հայտարարություններով սնուցում են նույն այդ քարոզչությունը՝ նախաճաշին, ճաշին և ընթրիքին բարձր կալորիականությամբ  տեղեկատվական «ֆասթ ֆուդ» մատակարարելով Ալիևի ագիտպրոպին։ Այնպես որ, Ադրբեջանի  աշխատակազմի քարոզչության կամ հատուկ բաժինն առանձնապես կարիք չունի իրեն նեղություն տալու դիտարկել ՀՀ տեղեկատվական  ռեսուրսները՝ հասկանալու համար, թե ինչ քարոզչական թեզեր կարելի է նետել ու  խարխլել ՀՀ քաղաքական դաշտի ադեկվատությունն ու ամենակարևորը՝  ջախջախել  հայ ժողովրդի տեղեկատվական  դիմադրողականությունը։ Դրա համար պետք է  ընդամենը կարդալ ընդդիմադիր մի քանի պատգամավորի կամ  գործչի սոցցանցային գրառում կամ հայտարարություն։  Ասենք՝ Լևոն Քոչարյանի, որը իր հոր ռևանշիստական ծրագիրն առաջ մղող սուբյեկտ է ու շահագրգռված է երկրում բարեփոխումների, խաղաղության պայմանագրի տապալմամբ,  կամ, ասենք, ՀՀԿ-ական պատգամավոր, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգային հարցերով խորհրդականը, և կամ նախկին իշխանության քարոզչական սայլին լծված որևէ քաղաքագետ կամ վերլուծաբան, որոնք իրենց «փորձագիտական վերլուծությամբ» կարող են հավատ ներշնչել որոշակի զանգվածների։ Նրանք, բացի այն բանից, որ կարող են քարոզչական պարարտ նյութ մատակարարել թշնամական  պրոպագանդայի համար, այլև մեծ էնտուզիազմով  կարող են գեներացնել, տիրաժավորել թշնամական ագիտացիան։   Այս քարոզչական ահաբեկիչներին, եթե կուզեք՝ Ալիևի կողմից փաստացի ղեկավարվող «ֆիդայիներին» թվում է, թե իրենց «քոքամաշեցման» օրակարգն են առաջ մղում՝ վնասելով Նիկոլ Փաշինյանի ռեյտինգին, մինչդեռ իրականում աշխատում են Ալիևի համար, նրա հետ սինխրոնացված, երբեմն է՛լ ավելի ժրաջան, քան նրանցից կպահանջվեր։  Այնպես որ, երբ որդի Քոչարյանը կամ նրա հայրենասիրական երգերին ձայնակցող որևէ սուբյեկտ աղաղակում է   Անկախության հռչակագրից, Արցախ-ՀՀ  վերամիավորումից,  Ցեղասպանությունից հրաժարվելու մասին, իրականում թվարկված իրողությունները չէ, որ նրան հետաքրքրում են, այլ այն, թե որքանով այդ իրողությունների շուրջ ծավալվող ցանկացած քննարկում  հնարավոր կլինի ծառայեցնել ՀՀ-ում իշխանությունը զավթելու իրենց  սևեռուն գաղափարին։

«Ուրվականների Սահմանադրություն», «դավ ժողովրդի ու պետության դեմ»  

Քանի որ խոսք է բացվել Սահմանադրության փոփոխությունների մասին, Լևոն Քոչարյանին արժե հիշեցնել, թե ինչ հոգեցունց հայտարարություններ ու մեկնաբանություններ էին արվում այն օրերին, երբ  իր «պապան» էր որոշել փոխել 1995-ին ընդունված Սահմանադրությունը։  2001 թ. Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխությունների ենթարկել  Սահմանադրությունը, սակայն 2003 թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը տապալվեց։ Այդ օրերին, նկատենք,  մասնավորապես ՀՀՇ-ն գուժեց՝ իր իշխանության օրոք ընդունված Սահմանադրության փոփոխությունը «դրսի ուժերի թելադրանքով է», «իշխանությունը բարոյական իրավունք չունի մոտ գնալ Սահմանադրությանը», իսկ Սահմանադրության փոփոխությունները՝ «դավ պետության ու ժողորդի դեմ»։

Այդ օրերի մամուլն էլ ահա այսպիսի վերնագրերով նյութեր էր նվիրել Քոչարյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին՝  «Սահմանադրությունը չբարեփոխվեց», «Սահմանադրությունը մեռավ», «Կեցցե Սահմանադրությունը, անազատ, անարդար, անթափանց»։ 2003-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ  կեղծիքներով ու լցոնումներով  վերընտրված   Քոչարյանը, հիշեցնենք, Սահմանադրության փոփոխությունների փաթեթը  հանրաքվեի էր դրել նույն թվականի մայիսի 25-ին։  Ըստ «Հանրաքվեի մասին» օրենքի՝ սահմանադրական փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ էր քաղաքացիների ընդհանուր թվի 1/3-ի հավանությունը, մինչդեռ երկրում տիրող  բարոյալքումն ու իշխանության նկատմամբ տոտալ անվստահությունը ստիպեցին ընտրողներին  զանգվածաբար բոյկոտել հանրաքվեն, որը, փաստորեն, տապալվեց: Նախագահական ընտրությունները կեղծարարությամբ մի կերպ գլուխ բերած, Քոչարյանին կրկին նախագահ կարգած իշխանությունները  հանրաքվեն կեղծելու ուղղությամբ  լրացուցիչ ջանքեր  չթափեցին, այլապես այն նույնպես «հորով-մորով» կարվեր։ Նշենք, որ 2003-ի փաթեթին «այո» էր ասել 559 687 ընտրող, «ոչ»՝ 552 257-ը, այն դեպքում, երբ ընտրողների ընդհանուր թիվը  2 339 704 էր, սակայն գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը, ըստ ստորագրությունների,   կազմեց 1 215 908 մարդ։

Նշենք, որ Քոչարյանն այդ օրերին  մեղադրվում էր «դրսի ուժերի պատվերը» կատարելու մեջ։  Արդեն 2005-ի նոյեմբերի 27-ին հանրաքվեի դրվեց  սահմանադրական փոփոխությունների «բարեփոխված» փաթեթը։ Ընդդիմությունն սկսեց տոտալ հակաքարոզչությունը, իսկ երբ արդյունքներն արդեն պարզ էին, այն որակեց  «ընտրակեղծարարության գծով ռեկորդային» հանրաքվե՝ պնդելով, որ  քվեարկությունն առնվազն 1 միլիոն ձայնով կեղծվել է։  Ընտրողների թիվն այդ տարի, նշենք, 2 317 462 էր,  գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը, ըստ ստորագրությունների, 1 514 307, «այո» ասածների թիվը՝ 1 411 711, իսկ «ոչ» ասածների թիվը՝ 82018։ Ի դեպ, 2005-ի հանրաքվեի նախընթաց շրջանում ձևավորված «ոչ»-ի շտաբը, որի մասին հայտարարեց ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը (ՀԺԿ, ԱԺՄ, ՍԻՄ, ՀԴԿ, ԱԺԴԿ, ԱԺԿ, «Հանրապետություն», համակարգող՝ ԱԺ պատգամավոր   Վիկտոր Դալլաքյան), հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր. «Ոչ ասելով, այսպես կոչված, սահմանադրական փոփոխություններին, դուք «ոչ» եք ասում այն վարչախմբին, որը պատասխանատու է 1999թ. հոկտեմբերի 27-ին կազմակերպված քաղաքական ահաբեկչության համար, կեղծել է 1998 և 2003թթ. նախագահական և 2003թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները, 2004թ. ապրիլի 13-ին խաղաղ ժողովրդի նկատմամբ իրականացրել է վայրագություններ, գործելաոճ է դարձրել զանգվածային բռնությունները և մարդու իրավունքների ոտնահարումը»:

«Ուրվականների հանրաքվե» որակումը ստացած այս խայտառակ միջոցառմանը համարժեք գնահատական տրվեց նաև միջազգային կառույցների կողմից։ «Ծայրահեղ ցածր մասնակցությունը քվեարկությանը չի համապատասխանել ընտրական հանձնաժողովների կողմից հրապարակված բարձր ցուցանիշներին»,- մասնավորապես ասված էր ԵԽԽՎ  և Եվրոպայի տեղական դիտորդական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի  պատվիրակության համատեղ հայտարարության մեջ:

2005-ին Մայր օրենքը փոխում էին, որ «Մեղրին հանձնեն» 

Ի դեպ, Քոչարյանի մոտ ԱԳ նախարար աշխատող Վարդան Օսկանյանը 2005-ի հանրաքվեից օրեր առաջ ԵՊՀ-ում հատուկ ելույթ էր ունեցել Սահմանադրական բարեփոխումներ թեմայով և, խմբավորելով իշխանությանն ուղղված մի շարք մեղադրանքներ, հատ առ հատ պատասխանել էր դրանց։ Նկատենք, որ իշխանությունը մեղադրվում էր ոչ միայն Մայր օրենքը փոխելու միջոցով Քոչարյանին երրորդ անգամ նախագահ դառնալու հնարավորություն տալու մեջ, այլ նաև սահմանների փոփոխության, տարածքային զիջումների, մասնավորապես՝ Մեղրին հանձնելու համար լեգիտիմ հիմքեր ստեղծելու մեջ։ Անդրադառնալով մասնավորապես սահմանների փոփոխման մասին մեղադրանքին՝ Օսկանյանը ծոր էր տվել. «Այս հարցում նման շահարկումների չէի սպասում, թե իբր Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են մեր տարածքների զիջում: Սա անհեթեթություն է, իրականում մեզ որևէ վտանգ չի սպառնում: Պետական սահմանի փոփոխություն կարող է կատարվել միայն միջազգային պայմանագրով, որը անպայմանորեն ենթակա է ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը:

Օրինակ՝ ներկայումս մենք Վրաստանի հետ տանում ենք սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ, որ արվում են միջազգային ընթացակարգով. բանակցությունների վարում, պայմանագրի ստորագրում, դրա ուժի մեջ մտնելու համար՝ ԱԺ կողմից պարտադիր վավերացում: Վաղը մեր մյուս հարևանների հետ պետք է անենք նույն բանը: Բացի այդ, սահմանների փոփոխություն ասելով անմիջապես հասկանում են տարածքների կորուստ, շահարկում Մեղրին կամ այլն, որն ուղղակի անբարոյական է»: Ի դեպ, Օսկանյանն ասել էր նաև՝ Սահմանադրական բարեփոխումներին պետք է նայել որպես բնական երևույթի, քանզի Սահմանադրությունն ինքը կենդանի և հարափոփոխ օրգանիզմ է՝ ենթակա բնական փոփոխությունների, և նշել, որ, օրինակ, ԱՄՆ-ում Սահմանադրությունը փոխվել է 27 անգամ, Գերմանիայում՝ 1949-ից ի վեր 27 անգամ, Իտալիայում՝ 11 անգամ, Ֆրանսիայում՝ 13, Ավստրիայում՝ 12, Սլովակիայում՝ 1992-ից ի վեր 3 անգամ,   Վրաստանում՝ 5 անգամ, Ադրբեջանում 2002թ. այն ենթարկվել է հիմնարար փոփոխությունների: «Ինչպես տեսնում եք, առհասարակ երկրների սահմանադրություններն ապրում են դինամիկ զարգացման մշտական և տևական ընթացք, և այդ իմաստով մենք հետ ենք մնում նույնիսկ մեր տարածաշրջանում»,- ասել էր ԱԳ նախկին նախարարը:

Օսկանյանը երբ այժմ հետևում է ընթացող քննարկումներին և Մայր օրենքը փոխելու «բնական երևույթը»  «ադրբեջանական պատվեր»  որակողներին, տեսնես ի՞նչ անուն է տալիս՝ «անբարոյականությո՞ւն», թե՞ ավելի զիլ բնորոշում է  մտքին գալիս։

Հեղինե Մանուկյան 

https://civic.am/politics/134051—.html

Կիսվել սոց․ ցանցերում