Մերկ մարմնի վրա գլուխ մոնտաժելը գնալով կատարելագործվում է, համացանցում նման հшրձшկումների ծավալը աճելու է. մեդիափորձագետ

Մեդիափորձագետ Արթուր Պապյանի խոսքով՝ չկա մի գործիք, որով մարդն իրեն վիրտուալ տարածքում պաշտպանված կզգա, որովհետև հենց ինչ-որ մի գործիք է ստեղծվում, որն ինչ-որ բանից պաշտպանում է, կիբերհանցագործներն անմիջապես ներմուծում են դա շրջանցելու մեխանիզմները:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով սոցիալական տարբեր հարթակներով, մասնավորապես տելեգրամյան ալիքներով իրականացվող ամենատարբեր խարդախություններին ու հանցագործություններին:

«Կիբերտիրույթում պաշտպանությունը առաջին հերթին ենթադրում է մեդիագրագիտություն. ինչի՞ մասին է խոսքը. մեդիագրագետ մարդը, երբ ինչ-որ ինֆորմացիա է տեսնում, փորձում է այն ճշտել սկզբնաղբյուրից, կամ գտնել ևս մեկ, երկու անկախ աղբյուր, որտեղ դա կա: Ավելի պատկերավոր ասած՝ ենթադրենք՝ տեսնում եք, որ տարածվում է հայտարարություն այն մասին, որ ինչ-որ մի հայաստանյան սուպերմարկետ խաղարկություն է կազմակերպում, որին առաջարկում է միանալ և գրանցվել «Ֆեյսբուք»-ի միջոցով: Մեդիագրագետ մարդն ասում է՝ լավ, գնամ էս սուպերմարկետի կայքէջ, տեսնեմ՝ այնտեղ կա նման ինֆորմացիա, կամ երեկոյան այցելեմ սուպերմարկետ, հարցնեմ՝ դուք այսպիսի խաղարկություն ունե՞ք, ոչ թե ինչ-որ մի բան տեսավ, անմիջապես հղումի վրա սեղմի, մտնի, քարտային տվյալները տա ու հետո գլխին տա՝ խաբեության զոհ դառնա: Այս նույն սկզբունքները գործում են նաև ինֆորմացիայի դաշտում: Առհասարակ, երբ ինչ-որ ինֆորմացիա եք տեսնում, անհրաժեշտ է գոնե մեկ, երկու աղբյուրից ստուգել, շատ պարզ կանոն է, որը կարող է շատ-շատ գլխացավանքներից փրկել»,- հորդորում է Պապյանը:

Ըստ մեդիափորձագետի՝ հատկապես պետք է ստուգել բոլոր այն հաղորդագրություններն ու գրառումները, որոնք օգտատիրոջ մոտ էմոցիաներ են առաջացնում. «Այսինքն, երբ ասվում է՝ «հենց հիմա՛», «շտապե՛ք», «20 րոպեի ընթացքում արեք» կամ «24 ժամում գրանցվեք այլապես զեղչը կվերջանա, և ձեր շահումը տեղի չի ունենա»: Երբ նման բովանդակությամբ նամակ եք ստանում, կասկածն առաջին բանը պետք է լինի, հատկապես, երբ էմոցիոնալ ֆոն կա, կամ ձեզ շտապեցնում կամ ճնշում են: Երկրորդ՝ պետք է փորձել ինֆորմացիան տարբեր աղբյուրներից ստուգել, ոչ թե միանգամից գնալ այդ հղումով»:

Խոսելով տելեգրամյան տարբեր ալիքներով իրականացվող խարդախությունների ու հանցագործությունների մասին, որոնց նպատակը գումար շորթելն է՝ Արթուր Պապյանն ընդգծում է, որ այդ դեպքում (մանավանդ անչափահասների պարագայում) կարևոր է, որ ծնողները և առհասարակ մարդիկ նախապատրաստված լինեն:

«Քանի որ հիմա արհեստական բանականության տեխնոլոգիաներն են աճում, և գնալով դա հեշտանում է, այսինքն՝ մարդու պատկերով տարբեր կոնտենտ ստեղծելը, նույն մերկացած մարմնի վրա գլուխ մոնտաժելը գնալով կատարելագործվում է, և հետևաբար կանխատեսվում է, որ նման տիպի հարձակումների ծավալը մի քանի անգամ երկրաչափորեն աճելու է: Պետք է նախևառաջ տեղյակ լինել, որ սա հնարավոր սցենար է, և երկրորդ՝ ազնիվ խոսել. Հայաստանում մենք այդպիսի փորձ ունեցանք, երբ մի հայտնի մշակույթի գործչի այդպիսի շանտաժ էին արել, և ինքը որոշել էր հակաքայլ անել. «Ֆեյսբուք»-ում հրապարակել էր այդ լուսանկարներն ու գրառում արել, որ դրանք մոնտաժված նկարներ են, և որ իրեն շանտաժի են ենթարկում: Դա շատ հետաքրքիր մարտավարություն է, այսինքն՝ գործել հակաքայլի սկզբունքով և առանձնապես նման բաներից չվախենալ»,- ասում է մեդիափորձագետը:

Նրա կարծիքով՝ երեխաների դեպքում կարևոր է, որ ծնողները երեխայի հետ բաց կոմունիկացիա ունենան և ասեն, որ նման բաներ կան, և որ նման հարձակումների զոհ դառնալու դեպքում դիմեն իրենց, այլ ոչ թե ծուղակն ընկնեն:

«Տեղեկացվածության պակասի պատճառով տուժողները հաճախ ամաչում են ու չեն դիմում իրավապահ համակարգին, և այդ դեպքում գործ էլ չկա, որպեսզի քննություն իրականացվի, և այդ շորթումները բացահայտվեն: Գումար փոխանցելը միանշանակ լուծում չէ. դա պիտի լինի վերջին բանը, որ կարող եք անել, այն էլ մասնագետի հետ խորհրդակցելու արդյունքում ու նրա ցուցումով: Գումար փոխանցելով՝ դուք խրախուսում եք հանցագործներին շարունակել իրենց սև գործը, ավելին՝ ոչ մի երաշխիք չկա, որ գումարը փոխանցելուց հետո կբավարարվեն ու հաջորդ անգամ ավելի մեծ գումար չեն պահանջի»,- զգուշացնում է մասնագետը:

Մեդիափորձագետը ուրախությամբ ընդգծում է, որ այդպիսի լուրջ դեպքերի համար ունենք առցանց հանցագործություններով զբաղվող բավական կոմպետենտ ինտերնետային քննչական բաժին. «Վերջին շրջանում տելեգրամյան ավելի քան 50 ալիքներով թմրանյութերի վաճառք են բացահայտել, շանտաժի դեպքեր, այնպես որ տեղին է նման դեպքերում դիմել այն կառույցներին, որոնք մասնագիտացած են, հայտ ներկայացնել և տեսնել, թե ինչպես կուղղորդեն, կօգնեն»:

Հերմինե Կարապետյան

Կիսվել սոց․ ցանցերում