ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում հրդեհի բռնկման և զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով.
«ՀՀ ՊՆ ՌՈ Գորիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում հրդեհ է բռնկվել։
Դիրքի անձնակազմի կողմից կրակը մարելուց հետո այնտեղ հայտնաբերվել է պահեստազորային, տվյալ դիրքում մարտական հերթապահություն իրականացնող 39-ամյա Արթուր Վարուժանի Գրիգորյանի այրված դին։
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Ստացված հաղորդման առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձևավորվել է քննչական խումբ։ Նախաքննության շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են նմուշներ:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով»։
Դեպքի մասին ավելի վաղ հայտնել էր Պաշտպանության նախարարությունը:
