Գետքի վարչական ղեկավարը ազատման դիմում է գրել, որոշ գյուղացիներ դժգոհ են. Շիրակի մարզպետը խոսել է խնդիրների մասին

Այսօր Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում Գետքի բնակիչները փակել են ճանապարհ և իրենց՝ արդեն նախկին վարչական ղեկավար Աշոտ Շաբոյանին աշխատանքից ազատելու համար բացատրություն պահանջել:

Տևական ժամանակ ճանապարհը փակ պահելուց հետո նրանց հետ հանդիպման է եկել Ախուրյանի ոստիկանապետը, լսել պահանջը, հորդորել բացել ճանապարհը՝ մինչև տեղ հասնի Ախուրյանի համայնքապետը:

Զավեն Մանուկյանը եկել է, հայտարարել՝ խնդիրներ են եղել, Շաբոյանը անձամբ դիմում է գրել: Որոշումը քաղաքական է:

Այն, որ աշխատանքից ազատման դիմումը վարչական ղեկավար Աշոտ Շաբոյանն անձամբ է գրել, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Շաբոյանը ևս հաստատեց: Վերջինս, սակայն, նշեց, թե իրականությունն այլ է:

«Ես չեմ ուզում էլ մանրանալ հիմա, բայց դուք էլ կարող եք ենթադրել, որ սաղ գյուղը, եթե ոտի է ելել, ուրեմն մի բան էն չէ: Էսօրվա բողոքի ու ճամփա փակելու հետ ես կապ չունեմ, երեկ Երևանում եմ եղել, առավոտ եմ եկել, տեսել՝ ճանապարհը փակել են, մարդիկ բողոքում են: Իմ դիմումի պատասխանը, որոշումը, որ ազատվել եմ, երեկ եմ ստացել: Ես ոչ մեկի հետ երբեք խնդիր չեմ ունեցել, ուղղակի էս հարցը իմ նշանակման օրվանից է եղել, եկավ հասավ էս օրվան»,- ասաց Շաբոյանը:

Գետքում արդեն նոր նշանակում էլ կա. Շաբոյանի համագյուղացին՝ Նարինե Հարությունյանն է դարձել վարչական նոր ղեկավարը:

Ավելի ուշ Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց՝ օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետը պահել, նոր են որոշումը կայացրել: Վերջինս վստահեցրեց՝ որևէ մեկը նրան չի ճնշել:

Որքանով են գյուղացիների պնդումներն իրական, որ այս նշանակումը կատարվել է Շիրակի մարզպետի միջնորդությամբ, Զավեն Մանուկյանը հավաստիացրեց՝ մարզպետը քաղաքական որոշման հետ կապված մասնակից եղել է, սակայն ազատման-նշանակման հարցում անձնական միջնորդություն չի ներկայացրել:

Այսօր բողոքով ճանապարհը փակած գետքեցիները թույլ կտա՞ն վարչական նոր ղեկավարի բնականոն աշխատել, արդյոք նոր խնդիրներ չեն ստեղծի՝ հարցին, Զավեն Մանուկյանն ասաց՝ ինչու չպետք է թույլ տան:

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Դուք տեղյա՞կ եք նոր նշանակված վարչական ղեկավարն ինչպիսի ազգություն ունի գյուղում, 90 տոկոս: Դուք տեսե՞լ եք՝ քանի մարդ էր եկել, ասում նրան դեմ է, մի քանի մարդ ընդամենը: Որոշ ժամանակ անց էս մասով մենք նորից կխոսենք: Այստեղ խոսում ենք կարողունակության մասին: Գետքում հիմա ի՞նչ ունենք արված: Մեր աչքից ոչինչ չի վրիպում, մեր հսկողության տակ է համայնքի ու վարչական ղեկավարների աշխատանքը: Ես սա բոլոր համայնքների համար եմ ասում, էն վարչական ղեկավարները, որոնք կարծում են աշխատավարձ են ստանում, եթե ծառայողական մեքենա էլ ունեն, ուրեմն վերջ, իրենց զգան նախկին գյուղապետերի նման, էդպես չէ, գյուղապետեր այլևս գոյություն չունեն: Այստեղ մոտեցումն ու սպասելիքն այլ է»:

Շիրակի մարզպետը նաև հերքեց իրեն ուղղված մեղադրանքները, թե այս պաշտոնանկությունն ու նոր նշանակումն իր որոշմամբ է եղել: Նրա խոսքով՝ վարչական ղեկավարին պաշտոնի է նշանակում և ազատում համայնքի ղեկավարը: Եթե Գետքում նման որոշում է կայացվել, որ պետք է պաշտոնանկ արվի վարչական ղեկավարը, պետք է պաշտոնանկ արվեր:

Մուշեղ Մուրադյանը հերքեց նաև իր մոտ տեղի ունեցած հանդիպման և իր կողմից վարչական նախկին ղեկավարին ճնշելու, աշխատանքից դրա հետևանքով ազատման դիմում գրելու վերաբերյալ խոսակցությունները:

«Եթե վարչական ղեկավարն աշխատանքից ազատվում է իր դիմումի համաձայն, ինչի՞ մասին է խոսքը: Տեսել ե՞ք մեկին, ով ստիպողաբար ինչ-որ գործողություն է անում: Չի կարող աշխատել՝ ազատման դիմում է գրել: Ինձ մոտ հանդիպում չի եղել, ընդամենը համայնքի ղեկավարը այլ հարցերից բացի, նաև ինձ հետ խոսել է նրան աշխատանքից ազատելու իր որոշման մասով: Ինչ մնում է իմ միջնորդությանը, ապա Շիրակի մարզում բոլոր վարչական ղեկավարներին կարող եք հարցում անել, թե որևէ մեկին մարզպետը միջնորդե՞լ է, թե՞ ոչ: Իմ մասով ասում եմ, որ ես երբեք միջնորդություններ չեմ անում»,- շեշտեց Շիրակի մարզպետը:

Կիսվել սոց․ ցանցերում