Դատավորները պետք է իմանան՝ մեր քաղաքացիները իրենց կայացրած որոշումների հետևից գնալու են. Ալեն Սիմոնյան

«Զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ բազմաթիվ վճիռներ են կայացվում, որոնց ժամանակ դատավորները խուսափում են փոխհատուցման մեծ չափ սահմանելուց, և փաստաբանի, պետական տուրքի ծախսերը չեն ծածկվում: Բազմաթիվ այդպիսի գործեր կան նաև իմ ներկայացրած հայցերում: Դատարանը մինիմալ շեմ է սահմանում, երբ ակնհայտ է, որ չի կարող ասել, թե զրպարտություն և վիրավորանք չի եղել»,- այսօր ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին:

Ի պատասխան Կարեն Անդրեասյանն ասաց. «Ես արդեն ունեի պատրաստի պատասխան, բայց երբ ասացիք, որ ձեզ հետ կապված վեճերում կա որոշակի խնդիր, դա ինձ սահմանափակեց, որովհետև դա կդառնա որոշակի ազդեցություն նաև միգուցե ձեր ընթացիկ գործերի հետ կապված»: Կարեն Անդրեասյանը տեսական վերլուծություն կատարեց, որպեսզի պատասխանը չընկալվի որպես ճնշում դատավորների վրա և նշեց. «Դատավորն ունի հայեցողության շրջանակ, ընդ որում, այդ հայեցողության շրջանակը իրեն տվել եք դուք՝ օրենսդիրը»:

«Իմ խաչը երևի ծանր է, որովհետև երևի այնպիսի թեմա չկա, որի հետ ես կապ չունեմ»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը և ավելացրեց, որ դատական իշխանության նկատմամբ կա դժգոհություն ոչ միայն իր, այլև քաղաքացիների կողմից. «Դատավորները պետք է իմանան, որ իրենց ցանկացած որոշում՝ անկախ նրանից, թե ում է դա վերաբերում, չի անտեսվելու, և իմանան, որ մեր քաղաքացիները այդ որոշումների հետևից գնալու են»:

Կիսվել սոց․ ցանցերում