Ինչ ունեցվածք ու եկամուտներ է հայտարարագրել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը 2023 թվականի մայիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ Խաչատրյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ունի 2008 թվականին ձեռք բերած համատեղ սեփականության իրավունքով այգետնակ, 2007 թվականին Տավուշի մարզի Դիլիջան համայնքում համատեղ սեփականության իրավունքով՝ հողատարածք, Կոտայքի Ջրվեժ համայնքում 2019 թվականին գնված ավտոտնակ, նույն համայնքում նույն թվականին համատեղ սեփականությամբ ձեռք բերված հողամաս, ինչպես նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանում 2016 թվականին ձեռք բերված համատեղ սեփականության իրավունքով բնակարան։

Վերջինս նաև ունի 2009 թվականին Կոտայքի մարզի Ջրվեջ համայնքում գնված համատեղ սեփականությամբ անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով։

Վերոնշյալ բոլոր անշարժ գույքերը տարեվերջին պահպանվել են։

Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2021 թվականին ձեռք բերված 2014 թվականի արտադրության «Մազդա» մակնիշի ավտոմեքենա, որը տարեվերջին պահպանվել է։

Խաչատրյանը նաև ունի 15 հազար դոլարի ավանդ:

Փոխվարչապետի դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 20 հազար դոլար, որը տարեվերջին ավելացել է 456 դոլարով, 462 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 5 միլիոն 400 հազար դրամ, ինչպես նաև՝ 0 դրամ, որը նույնությամբ պահպանվել է։

Նրա կանխիկ միջոցները կազմել են 10 հազար 500 դոլար, որը տարեվերջին դարձել է 8 հազար 500 դոլար։

Խաչատրյանը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է 721 հազար 523 դրամ աշխատավարձ, ՀՀ ֆինանսների նախարարությունից էլ՝ 23 միլիոն 604 հազար 622 դրամի այլ եկամուտներ:

Խաչատրյանի կինը՝ Սյուզաննա Բաբաջանյանը, «Կոդեոգռամ» ՍՊԸ-ում ունի 100 տոկոս բաժնեմաս:

Կիսվել սոց․ ցանցերում