Քաղաքագետ Էդգար Առաքելյանը Միջազգային քրեական դատարանի պայմանագրի՝ Հռոմի ստատուտին Հայաստանի անդամակցությունը համարում է միջազգային իրավունքի մակարդակում ՀՀ-ի դեմ ապագա հանցագործությունները հնարավորինս կանխելու շատ կարևոր գործիք:
«Բնականաբար, առաջիկայում, ովքեր կփորձեն նման գործողություններ իրականացնել Հայաստանի կամ ՀՀ քաղաքացիների նկատմամբ, պետք է իմանան, որ այլևս կաշկանդված են այս ստատուտով և կարող են քրեական պատասխանատվության կանչվել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Առաքելյանը:
Վերջինս նկատում է՝ Ադրբեջանից արդեն իսկ հնչել են հայտարարություններ ՀՀ ԱԳ նախարարի ելույթի հետ կապված, որը ևս մեկ ուղերձ է, որ սա անհանգստացնում է Ադրբեջանին. «Մենք գիտենք, որ ՌԴ նախագահի նկատմամբ հարուցված է հետապնդում՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, և Ալիևը շատ ավելի հզոր տղա չէ, քան Պուտինը, որպեսզի իր նկատմամբ և իր կլանի նկատմամբ նման հետապնդումներ չհարուցվեն, հետևաբար համոզված եմ՝ Ադրբեջանին անհանգստացնում է»:
Ըստ Առաքելյանի՝ սա միակ գործիքը չէ՝ զսպելու բռնապետ Ալիևի ախորժակը, բայց սա շատ կարևոր գործիք է այդ ամբողջ գործիքակազմի մեջ:
Առաջիկայում սպասե՞լ Ադրբեջանի կամ Ալիևի դեմ հայցի ՄՔԴ-ում՝ հարցին, քաղաքագետը դրական է պատասխանում:
«Կարծում եմ՝ այս ամիսների ընթացքում հայկական կողմը պատրաստվել է հայցը ներկայացնելուն, փաստագրել ամբողջ տեղի ունեցածը Արցախում, և որքանով տեղյակ եմ, կարող է պետության նկատմամբ հարուցվել քրեական գործ, բայց եթե հայտնաբերվում են հանցագործություններ, ապա այդ հանցագործությունները կոնկրետ հասցեատերեր ունեն, անձերի հետ են կապված: Այսինքն՝ մեղադրանքը չի կարող լինել ապստրակտ՝ պետությանը վերաբերել, այլ տվյալ դեպքում կոնկրետ անձինք են պատասխան տալու՝ կոնկրետ հանցագործությունների համար, և այս դեպքում այդ հիերարխիայում՝ ամենավերևում կանգնած է գլխավոր հանցագործը՝ ի դեմս Ալիևի»,- նշում է Առաքելյանը:
Կրկին վերադառնալով Հաջիևի հայտարարություններին՝ Առաքելյանը նկատում է՝ սրանք հերթական հայտարարություններն են, որոնցով իրենք փորձում են ցույց տալ, որ ՀՀ-ն այնտեղ ապատեղեկատվությամբ է զբաղված. «Բայց հասկանալի է, թե մենք դատական ինչպիսի ատյանի հետ գործ ունենք, և հասկանալի է, թե, ի դեմս Ալիևի և նրա կլանի, ինչպիսի մարդկանց և ինչպիսի համակարգի հետ գործ ունենք: Ադրբեջանում տեղի ունեցած վերջին ընտրությունները դրա մասին են խոսում, միջազգային համակարգն էլ ասում է, որ Ադրբեջանը և Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները չեն այն անձինք, ովքեր պետք է մեկնաբանեն միջազգային իրավունքով ստեղծված այդ դատարանի գործողությունները և դրանց արդարացիությունը կամ ոչ արդարացիությունը»:
Դիտարկմանը՝ Հռոմի ստատուտը վավերացնելու փաստից անհանգստացած է նաև Ռուսաստանը, և այնտեղից էլ պարբերաբար դժգոհության ձայներ են գալիս, Առաքելյանը նկատում է՝ բացի Ադրբեջանից ու ՌԴ-ից՝ երրորդ կողմ էլ կար՝ Հայաստանի, այսպես կոչված, ընդդիմադիր դաշտն էր. «Ես այն ժամանակ էլ եմ նշել, որ ՌԴ-ն ուզում է փրկել Ալիևին՝ դրանով փորձելով փրկել ինչ-որ առումով իրեն, իսկ նրանք, ովքեր Հայաստանում պաշտպանում են ռուսական թեզը, թե սա Պուտինի դեմ ուղղված գործողություն է, ևս ՌԴ-ի հետ փորձում են փրկել Ալիևին»:
Ըստ զրուցակցի՝ Ռուսաստանի վախերը հետևյալում են. «Գիտենք, որ էթնիկ զտումը Արցախում տեղի է ունեցել ՌԴ ներկայությամբ՝ խաղաղապահ ուժերն էին, որ պետք է ապահովեին արցախահայության անվտանգությունը, թույլ չտային էթնիկ զտում, բայց, ինչպես տեսանք, ռուս խաղաղապահների լուռ հայացքի ներքո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, և, հետևաբար, եթե Միջազգային դատարանում գործի քննությունը հասնի այն կետին, երբ հարց ուղղվի ռուսական կողմին, թե «դուք ի՞նչ էիք անում, երբ այս ամենը տեղի էր ունենում», բնականաբար, ռուսական կողմը պետք է պատասխանի: Փաստերը վկայում են, ընդ որում՝ ադրբեջանական կողմից պաշտոնական հայտարարություն է եղել, որ իրենք այս ռազմական գործողության մասին տեղեկացրել են ռուսական խաղաղապահ առաքելությանը»:
Հերմինե Կարապետյան
