ՎԵՐՋԱՊԵՍ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ՈՒՆԵՑԱՆՔ. ԵՊՀ-Ն ՕՐԵՆՔ Է ԽԱԽՏԵԼ

Ավելի վաղ գրել էինք, որ ավելի քան 4 տարի է, ինչ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը չունի տնօրեն։ Այն ղեկավարում է տնօրենի ԺՊ Անուշավան Մակարյանը։ Վերջինս, ըստ մեզ հասած տեղեկությունների, ընդամենը կատարում է տեղապահի դեր։ Բուհն իրականում ղեկավարում է փոխտնօրեն Մհեր Օթարյանը, ով առայժմ չի համապատասխանում տնօրենի համար օրենքով սահմանված չափանիշների պահանջներին։ Ավելին՝ նա չի համապատասխանում նաեւ փոխտնօրենի պաշտոնի պահանջներին։ Բուհի փոխտնօրենի պաշտոնին նշանակվելուց առաջ նա մեկ օր անգամ չի աշխատել որպես դասախոս, մինչդեռ պետք է մասնագիտական աշխատանքի ստաժ ունենա։ Փոխարենը Իջեւանում զբաղվել է անասնակերի եւ շինանյութերի առեւտրով, որից հետո ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկով նշանակվել է Իջեւանի մասնաճյուղի փոխտնօրեն։

«Հրապարակի» հարցին՝ Դուք գիտական աստիճան չունեք, նման դեպքերում անգամ դասախոս աշխատել չեն կարողանում, ինչպե՞ս առանց գիտական աստիճան ստանալու դարձաք բուհի փոխտնօրեն, Օթարյանը պատասխանել էր․ «Որտե՞ղ է նման բան նշված, որ պարտադիր պետք է գիտությունների թեկնածու լինի փոխտնօրենը: Ամեն ինչ ընթացակարգով է արված»:

Մեր ձեռքի տակ է հայտնվել ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի փոխտնօրենի պաշտոնի անձնագրի կնքված եւ ստորագրված բնօրինակը, որտեղ գրված է, որ պաշտոնին հավակնող անձը պետք է ունենա գիտական աստիճան եւ կոչում, առնվազն 5 տարվա կրթության կառավարման փորձ, որոնցից ոչ մեկը նշանակման պահին չի ունեցել եւ մինչ այժմ էլ չունի Օթարյանը։ Փաստաթուղթը թվագրված է 04.05.2021թ․-ով, որից մեկ ամիս անց Մհեր Օթարյանը նշանակվել է այդ պաշտոնին՝ չհամապատասխանելով նշված չափանիշներին։

Արեգ Մարգարյան

 

Կիսվել սոց․ ցանցերում