Գրեթե ամեն գիշեր գայլ ու աղվես իջնում են սարից, պտտվում պարիսպների մոտ, հոտոտում օդն ու հեռանում՝ թարմ ձյան վրա թողնելով իրենց ներկայության ապացույց ոտնահետքերը:
Իսկ ներսում՝ հայ-թուրքական սահմանից ոչ շատ հեռու, փայտի տաք վառարանն է՝ վրան բարակ շարված կարտոֆիլի բույրով:
Այս երդիկն ու վառվող լույսը սահմանում վերջերս հայտնվեցին: Բագրավանում կառուցված Վահանատան ստեղծումը Շիրակի մարզի մեկ բնակիչ ունեցող սահմանային Խարկով գյուղից է սկսվել:

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը գյուղատնտեսական իր ծրագրի շրջանակներում սկսեց մշակել տասնամյակներով չմշակված վարելահողերը, ու ցորեն ցանվեց 30 տարի լքված արտերում:
«Բնականաբար, մեզ պետք էր նաև տարածք, որտեղ ամբարելու էինք բերքը, մշակելու, տեսակավորելու և պահեստավորելու, այդպես կառուցեցինք մեր ցորենի ամբարը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը:
Որքան էլ Բագրավանը Թումասյանի պապերի ծննդավայրն է, ամբարը Բագրավանում կառուցելու հարցում իր մեծ դեր ունի 44-օրյա պատերազմում նահատակված Ավոն:
«Ինքը ինձ համոզեց, որ ես ամբարը հենց պապերիս գյուղում կառուցեմ, ասաց՝ մի բան էլ էս գյուղի համար արա: 2020-ի սեպտեմբերն էր, պատերազմի օրը պատերն էր սպիտակեցնում, ցուցահանդես ունեինք: Իջավ: Ասի՝ Ավո, ո՞ւր ես գնում, ասաց՝ հոպար, պատերազմ է, ես էդ տղեն չեմ, որ իմ հետևից գան: Գնաց ու զոհվեց: Շատ հերոսական տղա էր, գյուղին նվիրված: Նրա կորստով մեծ բան կորցրինք գյուղն ու մենք: Այլևս չկարողացա հեռանալ Բագրավանից, խոստացել էի մի լավ բան անել»,- հուզվում է Թումասյանը:
Հայ-թուրքական սահմանում ցանված ցորենի ալյուրը՝ մոտ 1.5 տոննա, կենտրոնն իր շահառուներին և իրենց օգնությանը դիմած սոցիալապես անապահով այլ ընտանիքների է բաժանել:
Ամբար ասվածը իր հերթին թանգարան է նաև. այստեղ են տեղ գտել Շիրակի մարզի նախկին գործարանների ու ակումբների մեծադիր լուսանկարները, ամենատարբեր իրեր, որոնք Թումասյանին ընկերներն են նվիրել, նաև գնել է:
Ցորենի ամբարում խնամքով ցուցադրվում են Խորհրդային միության տարբեր երկրների զինանշանները, տարազները, խորհրդանիշերը. «Ամեն ինչ չէ, որ վերցնում ենք, այլապես մեր ամբարը կդառնա հին, չօգտագործվող իրերի պահեստարան: Հիմա այստեղ շատ արժեքավոր, եզակի նմուշներ կան»:Ամբարին կից Թումասյանը Շիրակի երկրագործական, ավանդական գյուղգործիքների եզակի թանգարան է հիմնել, որտեղ ցուցադրված են տարբեր ժամանակաշրջաններում հողի մշակի ձեռքի գործիքները:
Ամբողջական նյութը՝
