ՏԵՍԱՆՅՈՒԹ․Չեմ ուզում մտածել, որ քրեական տարր կա, այդ մարդիկ մեզ հետ չպիտի աշխատեն. Ավինյան

Այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ, վերահսկողական վարչությունից զեկուցեցին, որ 2023 թվականին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված 75 նստարանների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նստարանները և դրանց տեղադրումը չեն համապատասխանում նախագծին և պահանջված որակին ու գնին:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, դիմելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին, հանձնարարեց համապատասխան միջոցներ ձեռնարկել, որ դրանք փոխարինվեն: «Ենթադրաբար պատասխանատվությունը դրվում է մատակարարի վրա»,- ասաց նա:

Մխիթարյանն էլ արձագանքեց՝ ասելով, որ մատակարարը գրավոր պարտավորություն է տվել՝ 20-օրյա ժամկետում թերությունները կվերացվեն:

Քաղաքապետը խնդրեց, որ նման դեպքերը չարձանագրվեն համացանցում:

«Որովհետև դուք բոլորդ ունեք աշխատակիցներ, և ենթադրվում է, որ ինչ-որ աշխատակիցներ իրենց գործը լավ չեն կատարել, թերացել են և հետևապես կարգապահական տույժերի պետք է ենթարկվեն: Ես խնդրում եմ համապատասխան միջոցներ ձեռնարկել, նման գործելաոճը անընդունելի է մեզ համար, եթե երևանցիները ինչ-որ բանի համար վճարում են, դրան պետք է պատասխանատվությամբ վերաբերվել: Ես չեմ ուզում կանխավարկած ունենալ, որ այդտեղ քրեական տարրեր կան, բայց եթե նույնիսկ դա անպատասխանատու վերաբերմունք է իրենց աշխատանքին, այդ մարդիկ չպիտի մեզ հետ աշխատեն»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում