«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի գնահատմամբ՝ Ռուսաստանում «Ջերմուկ»-ի վաճառքի կասեցումը քաղաքական որոշում է։ Վերջինս կարծում է, որ նմանատիպ քայլեր առաջիկայում ևս կլինեն, քանի որ Ռուսաստանը փորձում է բարոյական ճնշում գործադրել Հայաստանի վրա:
«Կալոշի արաղ արտադրող ՌԴ-ն մեղադրում է աշխարհում ճանաչում ունեցող «Ջերմուկ»-ին ինչ-որ խնդիրներ ունենալու համար և արգելք սահմանում, հետևաբար սա և՛ քաղաքական, և՛ տնտեսական հարց է։ Պետք է, որ Հայաստանը նախ՝ բարձրացնի իր արտադրությունը, հետո՝ կողմնորոշվի դեպի այլ շուկաներ։ Մեր բիզնեսը ավանդորեն պոկ չի գալիս Ռուսաստանից, և եթե ՌԴ-ն շարունակի նման արգելքները, բիզնեսը Հայաստանում բունտ է անելու։ Գալու են ասեն՝ «բա՞ տատուս փողերը, բա ո՞նց եմ ծոռիս ապահովելու, դա միայն ՌԴ-ով է հնարավոր, գնացեք լավ բանակցեք, որ ապրանքս արտահանեմ»»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Այս պարագայում Սուքիասյանը Հայաստանի տնտեսության ուղղորդումը դեպի այլ շուկաներ պատկերացնում է հետևյալ կերպ․ «Իշխանությունը պետք է վարի տնտեսական այպիսի քաղաքականություն՝ խոսի տնտեսվարողների հետ, ստեղծի հարմար պայմաններ։ Պետք է կարգավորել տնտեսական օրենսդրությունը՝ ԵԱՏՄ մաքսային և հարկային, որն աշխարհի ամենաայլանդակ օրենսդրությունն է, և որի վերաբերյալ տնտեսվարողները բողոքում են։ Արտոնություններ տալ և պահանջ դնել հայ տնտեսվարողների նկատմամբ, որոշակի ժամանակահատվածում արդիականացնել տնտեսությունը, պահանջել, որ քձիբ տնտեսվարողները իրենց աշխատողներին վճարեն նորմալ՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան։ Ինչպես հայ բիզնեսմենն է ասում՝ շուկայական հարաբերություններ են, տատուս արև ես գին չեմ կարող իջեցնել, այդ տեսակետով էլ պետք է աշխատողին վճարել։ Դա կլինի արևմաեվրոպական տնտեսական մշակույթ։ Իհարկե, որոշ հաջողություններ ունենք, բայց դա բավարար չէ մեր բիզնեսը ուղղորդելու համար այլ շուկաներ»։
Վերջինիս կարծիքով՝ այս արգելքով Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությունից ընդամենը մեկ բան է ուզում՝ վերադառնալ մինչ հեղափոխական անցյալ, այսինքն՝ Հայաստանի ինքնիշխանությունը հանձնված ՌԴ-ի ոտքերի տակ։ Պետք է նկատի ունենալ, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ որոշում ունի՝ ՀՀ-ն տարածաշրջանում չպետք է գոյություն ունենա։
«Ռուսաստանը Ալիևին կարգել է Նապոլեոն մեր տարածաշրջանում, սարքել գիգանտ ու նստել վրեն քշում է, դա պետք է նկատի ունենանք։ Հայաստանն ու Արցախը Ռուսաստանի համար աճուրդի օբյեկտներ են, որ վերցներ գնար այլ երկրների հետ բանակցեր։ Արցախը կարողացավ ռեալիզացնել, Թուրքիայի հետ գնաց բանակցությունների, Ադրբեջանի միջոցով էլ մեզնից այն խլեց։ ՀՀ-ի դեպքում չստացվեց, հեղաշրջում չեղավ, կարևոր գործիքից զրկվեց: Դրա համար ամեն անգամ խնդիրներ է ստեղծում։ Երազանքն է վերադառնալ մինչ հեղափոխական անցյալ՝ ձևական ինքնիշխանությամբ Հայաստան, ԿԳԲ-ով բանակ»,- նկատում է Սուքիասյանը։
Զրուցակցի խոսքով՝ դժվար է ասել, թե ինչ ազդեցություն կունենա Ռուսաստանի նման որոշումը Հայաստանի վրա, սակայն քաղաքագետը այս քայլը կապում է նաև Ներքին Հանդում ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիայի հետ։
«Իրենց ականջները հետևից երևում են։ Պետք է հասկանալ, թե Հայաստանի զինված ուժերը ինչպես են արձագանքել։ Պաշտոնական տեղեկատվությանը հետևելով՝ նկատում ենք, որ կա մտահոգություն, թե սադրանքը ՌԴ-ի հետ է կապված, պետք է բացատրեն, մենք էլ պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել, արդյոք բանակը ազատվել է ռուսական ԿԳԲ-ից։ Նախ տարածաշրջանը անկայուն վիճակում է, չնայած կայունության որոշակի մակարդակ պահպանվում է»,- ասում է նա:
Մերի Խաչատրյան
