Վահան Քերոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քերոբյանը Քննչական կոմիտեում է:

Հիշեցնենք՝ քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ, որոնցից 5-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային նշված ընկերության ներկայացուցիչները: Քննության ներկա պահին նախնական կալանքի տակ է գտնվում վերջիններիցս մեկը:

Հունվարի վերջին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ էր ձերբակալվել, որից 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակից։

Քննչական կոմիտեն նշել էր՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»։

Կիսվել սոց․ ցանցերում