Չգիտենք՝ հավատա՞լ, թե՞ ոչ այս սարսափելի լուրերին. Ալեքսեյ Նավալնիի կինն ու մայրը հայտարարություններ են տարածել

Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու մահվան լուրից հետո հայտարարությամբ է հանդես եկել նրա կինը՝ Յուլիյան:

«Չգիտեմ՝ հավատա՞մ, թե՞ ոչ այդ սարսափելի լուրերին, որոնք մենք ստանում ենք միայն ՌԴ պետական աղբյուրներից։ Երկար տարիներ մենք չենք կարող վստահել Պուտինին և նրա կառավարությանը։ Նրանք միշտ ստում են։ Բայց եթե դա ճիշտ է, ես ուզում եմ, որ Պուտինը, նրա կառավարությունն իմանան, որ պատասխանատվության կենթարկվեն մեր երկրի, իմ ընտանիքի և ամուսնուս հետ իրենց արածի համար: Եվ այդ օրը կգա շատ շուտով:

Ես ուզում եմ կոչ անել ամբողջ համաշխարհային հանրությանը, այս սենյակում գտնվող բոլորին, աշխարհի բոլոր մարդկանց, որպեսզի մենք միավորվենք և հաղթենք այս չարիքին, հաղթենք սարսափելի ռեժիմին, որն այժմ Ռուսաստանում է: Այս ռեժիմը և Վլադիմիր Պուտինը պետք է անձնական պատասխանատվություն ստանձնեն այն բոլոր սարսափելի բաների համար, որոնք նրանք արել են իմ երկրի, մեր երկրի՝ Ռուսաստանի հանդեպ վերջին տարիներին»,- ասել է նա։

Մեկ այլ հայտարարություն էլ արել է Նավալնու մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան՝ չհավատալով որդու մահվան վերաբերյալ լուրերին։

«Որդուս տեսակցել եմ փետրվարի 12-ին։ Ողջ էր, առողջ, կենսուրախ»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում մահացել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:

Հիշեցնենք՝ Մոսկվայի արտագնա դատարանը Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին 19 տարվա ազատազրկման էր դատապարտել 2023 թվականի օգոստոսին։ Նիստը տեղի էր ունեցել Վլադիմիրի խիստ ռեժիմի գաղութում, որտեղ տևական ժամանակ պահվում էր Նավալնին։

Նա մեղավոր էր ճանաչել ծայրահեղականության կոչերի, քաղաքացիների իրավունքները ոտնահարող հասարակական կազմակերպություն ստեղծելու, ծայրահեղականության ֆինանսավորման, ծայրահեղական համայնք ստեղծելու, անչափահասներին վտանգավոր գործողությունների մեջ ներգրավելու և նացիզմը վերականգնելու համար։

Մինչ ձերբակալությունը Ռուսաստանի Դաշնության ամենահայտնի ընդդիմադիր գործիչ և Պուտինի ակտիվ քննադատ, ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար, բլոգեր Ալեքսանդր Նավալնիին թունավորել էին «Новичок» կոչվող թունանյութով:

Գերմանացի բժիշկների՝ ՌԴ ժամանումից և հատուկ հրավիրված կոնսիլիումից, երկար բանակցություններից և ռուսական կողմի հատուկ թույլտվությունից հետո միայն հաջողվեց Նավալնիին տեղափոխել Գերմանիա, որտեղ էլ հաստատվեց նրա թունավորման վարկածը:

Նավալնիի բուժումից, ձերբակալումից և մեղադրանքի մասին հայտնի դառնալուց հետո Ռուսաստանում տեղի էին ունեցել լայնամասշտաբ ու չարտոնագրված բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն քաղաքական գործչի, որոնք անմիջապես ճնշվել էին:

Կիսվել սոց․ ցանցերում