«Կեսուրս ստեղ հարս է եկել, կանալիզացիա չի եղել, միշտ հայաթը, բոստանների մեջը փորած զուգարաններ են ունեցել: 60 տարեկան էլ ես եմ արդեն, հլը էդ վիճակն է»:
Անցնող 50 տարում Գյումրու Բաղրամյան փողոցում պղտոր ու զուլալ շատ ջրեր են հոսել, հիմնականում՝ կեղտաջրեր: Կես դարը բոլորած փողոցը երբեք կոյուղատար համակարգ չի ունեցել: Նախկինում մարդիկ փայտե արտաքնոցներում են կարիքները հոգացել, իսկ կենցաղում օգտագործած, նաև լողանալուց հետո տաշտակների ջուրը լցրել են փողոց:
«Հմի էլ փողոցի վրա լյուկեր ենք փորել կանալիզացիայի պես, ներսից դուրս ենք բերել տրուբեքով, ըդտեղ կլցվի: Ամիսը մեկ կկանչենք, փող կուտանք՝ կքաշեն: էդ մեր սարքած լյուկը ստիպված տան զուգարանին կթողնինք, մյուս ջրերը դուրս կլցենք: Եթե ամառը գաք մտնիք մեր հայաթ, հոտից կփախնիք, անհնար է մնալը, իսկ մենք կապրինք, հոտից խելռելով»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում են փողոցի բնակիչները:


Գյումրու Բաղրամյան փողոցի խնդիրը տարբեր տարիներին քաղաքի ղեկավարման ղեկը ստանձնած ու նման ցանկություն ունեցած շատ քաղաքական ուժերի կողմից անընդհատ շահարկված, խոստումների առաջին հորիզոնականներում գտնված ու ընտրություններից հետո ակնթարթորեն անհետացածներից է:
«Ով եկավ ստեղ իրա դրոշը թափ տվեց, ըսեց՝ ձեր կանալիզացիան կսարքենք: Էս մեր կանալիզացիան իրանց համար ինչխոր թալիսման էղնի, որ էդ մասին չըսեն՝ չեն հաղթե: Բայց դե հմի պաշտոն ունեցողն ունի, մենք էլի կանալիզացիա չունինք»,- ասում է բնակիչներից մեկը:
Մեզ հետ զրույցում Աննման Ղազարյանն էլ իր իմացած նորությունն է հայտնում. «Ես ինչքան գիտեմ, քաղաքապետն ըսել է, որ վերևը հաստատե, դուք կոյուղի կունենաք»:
Թե քաղաքապետը վերև ասելով հատկապես ո՞ւմ է նկատի ունեցել, փողոցի բնակիչները տեղյակ չեն, սակայն հույս ունեն, որ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը ներկայացրած իրենց վերջին դիմումը արդյունք կունենա:
Նշենք, որ այս փողոցի խնդիրը խմբակցության այն առաջարկներից մեկն էր, որը չէր ներառվել 2024-ի տարեկան աշխատանքային պլանում և 2023-ի տարեվերջին, ի թիվս այլ հարցերի, բյուջեն չհաստատելու պատճառ էր դարձել:
Ավագանու վերջին արտահերթ նիստում բյուջեն հաստատվել, փողոցի խնդիրն էլ արդեն ընդգրկվել է: Այս ծրագրի իրականացման համար համայնքի բյուջեից հատկացվելու է 41 միլիոն 600 հազար դրամ:
Արդյոք փողոցում շինաշխատանքներ կմեկնարկե՞ն իրականում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն ասում է՝ հետևողական են լինելու, որպեսզի իրենց առաջարկությունը խոսքից գործի վերածվի ոչ միայն թղթի վրա, այլ իրականում. քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին ուղղված գրությանը դրական պատասխան են ստացել:
Բաղրամյան փողոցի կոյուղագծի կառուցման հարցով ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի ղեկավարության հետ գրավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի կոյուղագծի կառուցման աշխատանքները ներառվեն KFW ծրագրի շրջանակներում իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերակառուցման աշխատանքների մեջ:
Կա արդյո՞ք աշխատանքի մեկնարկի հստակ օր, և քանի՞ ընտանիքի կոյուղատար համակարգի մասին է խոսքը՝ այս պահին Գյումրու քաղաքապետարանը հստակ հաշվարկ չունի:
Մեր հարցերին ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են, որ ոլորտային պատասխանատուները վերջնական ուսումնասիրություններ են իրականացնում: Առաջիկայում նախագծման աշխատանքների մրցույթը կհայտարարվի, որից հետո, ըստ ընթացակարգի, կմեկնարկեն մնացած աշխատանքները:
