Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ Մյունխենի անվտանգության համաժողովին վարչապետի մասնակցության ամենակարևոր դրվագը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպումն էր, որը նա կարևոր է համարում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետը նկատում է՝ արդեն տևական ժամանակ առաջնորդների մակարդակում հանդիպում տեղի չէր ունեցել, այն էլ՝ արևմտյան հարթակում:
«Այդ հանդիպումը տեղի չէր ունենում ադրբեջանական կողմի խուսափողական մոտեցման պատճառով, քանի որ ուզում էին, որ այն տեղի ունենար ռուսական հարթակներում»,- ասում է նա:
Քոչինյանի խոսքով՝ կարևոր է, որ հանդիպման ընթացքում, ինչպես նաև հետո երկու առաջնորդներն էլ վերահաստատել են առկա պարտավորությունները, ինչն էլ նշանակում է, որ մինչ այս տարված աշխատանքը՝ բանակցային գործընթացի և երկկողմ խաղաղության ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ, զուր չի անցել:
«Շատ կարևոր է, որ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը չլինի հերթական պրոտոկոլայինը, այլ լինի հանդիպում, որտեղ կքննարկվի և առաջ կտարվի այն փաստաթուղթը, որի շուրջ կողմերը արդեն տևական ժամանակ է՝ փորձում են որոշակի համաձայնության գալ»,- նշում է նա:
Անգամ եթե Ադրբեջանը ցանկանում է գնալ դեպի պատերազմ, դա չի նշանակում, որ բանակցություններն անիմաստ են, կարծում է Քոչինյանը. «Ադրբեջանն ուզում է Հարավային Կովկասում գերիշխանություն, հիմա եթե դրա ճանապարհին պետք է օգտագործի խաղաղությունը, կօգտագործի, պետք է օգտագործի պատերազմը՝ կօգտագործի պատերազմը, այսինքն՝ սրանք ոչ թե նպատակներն են, այլ միջոցներ»:
Միևնույն ժամանակ զրուցակիցը նկատում է. «Ադրբեջանը չի ցանկանում դելիմիտացիայի, դեմարկացիայի իրավական որոշակի հստակ սահմանումներ տեղավորել խաղաղության պայմանագրի մեջ, սա այս պահի դրությամբ ամենամեծ խնդիրն է, այդ դեպքում նույնիսկ իմաստ չեմ տեսնում, որ ՀՀ-ն խաղաղության պայմանագիր ստորագրի, որովհետև եթե մենք այդ կետը հանում ենք, ըստ էության՝ խաղաղության պայմանագիրը դառնում է արձանագրումը նրա, որ ՀՀ-ն ճանաչում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում: Պետք է հնարավորինս լավ սա կոմունիկացնել թե՛ մեր գործընկերների, թե՛ աշխարհի հետ, այն, թե որքան կարևոր կետեր կան, և ինչ վտանգներ է պարունակում այս կետերի բացառումը խաղաղության պայմանագրից, որը ՀՀ-ի տեսանկյունից դառնում է անիմաստ փաստաթուղթ»:
Երկրորդ էլեմենտը, ըստ Քոչինյանի, այն է, որ վերջերս Հայաստանի օրենսդրությունը Ադրբեջանը դարձրել է լայն քննարկման առարկա և, այսպես ասած, խոչընդոտ հայ-ադրբեջանական խաղաղության համար:
«Այստեղ մի քանի արգումենտ է պետք արձանագրել, օրինակ՝ 2022-23-ին խոչընդոտ չէ՞ր, որ դրա մասին Ադրբեջանը չէր խոսում, գուցե անընդհատ շարունակվող «խոչընդոտները» ընդամենը պատրվակն են, այլ ոչ թե բուն խնդիրը: Կրկին սա է պետք կոմունիկացնել մեր գործընկեր պետությունների, մեր դաշնակիցների, ինչպես նաև հանրային լայն շրջանակների հետ, որ ոչ մի օրենսդրական խնդիր էլ չկա, ընդամենը պատրվակ է: Ավելի ճիշտ՝ անգամ եթե օրենսդրական խնդիր կա, ապա այն ոչ թե հենց բուն այդ օրենսդրական խնդիրն է, այլ պատրվակ սարքելը, և եթե մենք անգամ գնանք այդ օրենսդրական փոփոխություններին, վստահ ենք, որ հաջորդիվ Ադրբեջանը նոր խոչընդոտներ է հնարելու, օրինակի համար՝ հայերը մինչև հիմա «Արցախ» երգի տակ պարում են, կամ հայկական կոնյակի անունը «Արարատ» է. դա դառնալու է նոր խոչընդոտ խաղաղության պայմանագրի համար, եթե ցանկություն կա ինչ-որ խոչընդոտ գտնելու, միշտ հնարավոր է գտնել»,- ասում է քաղաքագետը:
Կրկին վերադառնալով ձեռք բերված պայմանավորվածությանը առ այն, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է տեղի ունենալու՝ նա ասում է՝ այժմ այն փուլն է, որ ցանկացած հաջորդ հանդիպում կարող է որոշիչ լինել. «Որովհետև, ըստ էության, բոլոր հարցերի շուրջ մնում է ընդամենը տեխնիկական համաձայնության գալ, եթե մենք, իհարկե, ելնում ենք այն նախապաշրմունքից, որ հակառակ կողմում խաղաղություն իսկապես ուզում են»:
Հերմինե Կարապետյան
