Մոսկվայում այսօր ձերբակալված ադրբեջանցի բլոգեր և ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլին ազատ է արձակվել: Նրա փաստաբան Ալեքպեր Գարաևը նշել է, որ Հայաստանի պահանջով միջազգային հետախուզում հայտարարելու հիման վրա ձերբակալված ֆիթնես մարզիչն ազատ է արձակվել «Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աջակցությամբ և այսօր կվերադառնա Բաքու»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել էր ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին: Այս մասին գրել էր eadaily.com կայքը՝ նշելով, որ վերջինս ձերբակալվել է Հայաստանի հարցմամբ, քանի որ նա Հայաստանի կողմից հետախուզման մեջ է:
Ձերբակալման մասին հայտնել էր հենց ինքը Զեյնալլին՝ «Ինստագրամ»-ի էջում հրապարակելով տեսանյութ։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զեյնալլին 44-օրյա պատերազմի ընթացքում ԼՂ տարածքում իրականացրել է պատերազմի և մարդկության դեմ հանցագործություններ, ինչպես նաև ներգրավված է եղել 2020 թ. հուլիսին ՌԴ տարածքում հայերի դեմ ադրբեջանցիների հարձակումների կազմակերպման և համակարգման մեջ:
Ըստ ՀՀ ՆԳՆ-ի՝ նրա նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում։ Հայաստանի գլխավոր դատախազությունից էլ «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ պաշտոնական տեղեկություն չեն ստացել վերջինիս ձերբակալման մասին:
Զեյնալլին մեղադրվում է Հայաստանի քրեական օրենսգրքի 135-րդ (Մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները), 137-րդ (Հովանավորվող անձի դեմ ուղղված պատերազմական հանցագործությունները), 140-րդ (Պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները), 147-րդ (Վարձկանությունը), 149 (Ագրեսիան) հոդվածներով։
