«Հետբուհական կրթությունը, շարունակական մասնագիտական զարգացման, ինչպես նաև բուժաշխատողների լիցենզավորման ծրագրերը որևէ բանով չեն զիջելու այլ երկրների հետդիպլոմային կրթությանը»,- հետբուհական մասնագիտական կրթական փորձարարական ծրագրի պաշտոնական մեկնարկին նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով` կրթական այս ծրագիրը շատ նշանակալի դեր է ունենալու թե՛ առողջապահության, թե՛ կրթության ոլորտներում հետագա բարեփոխումների համար: Անահիտ Ավանեսյանի համոզմամբ` նման ձեռքբերումների ճանապարհին շատ կարևոր է գերատեսչությունների համագործակցությունը:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ Երևանի պետական բժշկական համալսարանը վերջերս նաև միջազգային հավատարմագրում է անցել՝ վերահաստատելով որակական այն պահանջները, որոնք պետք է գործեն բժշկական կրթության կազմակերպման առումով:
Ծրագիրը ստեղծվել է «Հենար» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ` նպատակ ունենալով միավորել երկրում առկա լավագույն ակադեմիական և կլինիկական ռեսուրսները, ինչպես նաև համագործակցել միջազգային գործընկերների հետ` ստանալու ռեզիդենտակենտրոն ծրագիր` հիմնված միջազգային փորձի վրա:
Ռեզիդենտուրային այս ծրագրի կլինիկական հիմնական գործընկերներն են «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը, «Մուրացան» հիվանդանոցային համալիրն ու «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցը:

