ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ համայնքի գերեզմանատան մոտ հոր և որդիների մասնակցությամբ վիճաբանության և սպանությամբ ավարտված դեպքի մասին։
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում, ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումների և դրանց կից փաստաթղթերի հիման վրա, 2024թ. փետրվարի 21-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով /երկու դրվագ/, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից դեպի Արփունք գյուղ տանող ճանապարհին 29-ամյա երիտասարդը, ըստ նախնական տվյալների, անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածներ է հասցրել նույն մարզի բնակիչ 41-ամյա և 37-ամյա երկու եղբայրների մարմինների տարբեր հատվածներին, որի հետևանքով 1987թ. ծնված անձը հիվանդանոցում մահացել է։
Որոշում է կայացվել 19-ամյա երիտասարդին, սպանություն և սպանության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալելու մասին։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է արնանման հետքերով փայտ։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։
Ձերբակալված անձը տվել է խոստովանական ցուցմունք։ Հանցագործության հնարավոր գործիք դանակն առգրավվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է։
Ըստ առկա նախնական տվյալների՝ վիճաբանությունը և դրա հետևանքով տեղի ունեցած դանակահարությունը կապված չէ տուժողներից մեկի՝ 41-ամյա անձի ծառայողական գործունեության հետ, իսկ դեպքի պահին վերջինս չի եղել ծառայության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արփունք-Փոքր Մասրիկ գյուղամիջյան ճանապարհին՝ Փոքր Մասրիկի գերեզմանատան մոտ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է եղել Արփունք գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդու, նրա 19 և 15 տարեկան որդիների և Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ երեք եղբայրների միջև: Այդ ընթացքում էլ արփունքցի 19-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել 40-ամյա և 36-ամյա տղամարդկանց: 36-ամյա Արա Լալայանը հիվանդանոցում մահացել է:
