Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբոլոգում անդրադարձել է Ադրբեջանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչության արձագանքին՝ կապված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների հետ՝ Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ:
«Ես կարդացի Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը՝ ի պատասխան երեկ Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարների մամուլի ասուլիսի ժամանակ արված կառուցողական խաղաղ հայտարարություններին։
Եվ ինչ զարմանալի է, որ մի երկրի պաշտոնական ներկայացուցիչը, որը, իբր, խաղաղության ճանապարհին անդադար ագրեսիվ զորավարժություններ է անցկացնում իր զինված ուժերում և անընդհատ զինում նրանց, հանդես է գալիս տարածաշրջանում լարվածությունն ու ապակայունացումը դատապարտող հայտարարություններով՝ հիմնվելով միայն մամուլի ասուլիսի վրա։
Արդյո՞ք Ադրբեջանի այս ռազմատենչ հայտարարությունները, էթնիկ զտումները, օկուպացիոն զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրս չբերելը և սահմանային անդադար սադրանքների կազմակերպումը մեր տարածաշրջանն ապակայունացնող պատճառները չեն։
Հայաստանի Հանրապետության հետ ռազմական համագործակցությունն ունի մեկ նպատակ՝ բարձրացնել դիմադրության մակարդակը և ապահովել մեր ինքնիշխան տարածքների ամբողջականությունը»,- գրել է նա:
Ադրբեջանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունը, ջղաձգված երեկ Ֆրանսիայում տեղի ունեցած արարողություններից և դրա շրջանակում հնչած հայտարարություններից, հայտարարել է, թե ևս մեկ անգամ ասում են, որ տարածաշրջանում «նոր լարվածություն ստեղծելու և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելու Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը ոչ մի արդյունք չի տա»։
