Գառնիում ապամոնտաժվել է երկու բենզալցակայան

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Կոտայքի մարզի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղադիր գյուղի 1-ին փողոց թիվ 23/1, ինչպես նաև նույն համայնքի Ողջաբերդ գյուղի 1-ին փողոց, թիվ 4/1 հասցեներում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Կոտայքի մարզի վերոնշյալ երկու բենզալցակայանների գործունեության դադարեցման որոշումներ է կայացրել։
Տեսչական մարմնի կայացրած դադարեցման որոշումների հիման վրա Գառնիի համայնքապետը կայացրել է նաև դրանց ապամոնտաժման վերաբերյալ համապատասխան որոշումներ, որոնց արդյունքում տնտեսավարողները սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել են խախտումներով շահագործվող բենզալցակայանները։

Կիսվել սոց․ ցանցերում